Խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում. Արտակ Դավթյան. 168․am

Սյունիքի մարզում առաջացած անվտանգային խնդիրների, ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատման գործընթացի և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Այդ հարցի հետ կապված՝ բավականին շատ մեկնաբանություններ եղան: Պետք է ինչ-որ քարտեզ որպես հիմք վերցվի՝ լինի խորհրդային ժամանակվա, լինի ցարի ժամանակվա: Դա նախնական աշխատելու համար կարող է հիմք ծառայել, բայց սահմանը պետք է գծվի միջպետական հանձնաժողովների կողմից, որոնց մեջ պետք է ընդգրկվի և՛ ԱԳՆ-ն, և՛ ՊՆ-ն, և՛ ԱԱԾ-ն, և՛ տեղական ինքնակառավարման մարմինները: Որովհետև շատ-շատ հարցեր կան, որ Խորհրդային սահմանով, քարտեզով, դրանք մի քիչ վերացական բնույթ էին կրում: Այնտեղ արոտավայրերի հարց կար, ջրի աղբյուրների խնդիրներ, ճանապարհների հարց, որոնց վրա այն ժամանակ ուշադրություն չի դարձվել: Հիմա այդ բոլոր հարցերի վրա պետք է աշխատենք: Տեսեք՝ Վրաստանի հետ սահմանի վրա այսքան տարի աշխատում են, դեռ չեն ավարտել: Դա շատ նուրբ հարց է: Մեծ հաշվով, անվտանգային մեծ խնդիրներ Վրաստանի հետ չենք ունեցել, պատերազմ չենք ունեցել, բայց այսքան տարի աշխատում ենք սահմանների հետ կապված, Ադրբեջանի հետ, ինձ թվում է՝  բավականին երկար կտևի այդ գործընթացը, կլինեն շատ խնդրահարույց հարցեր: Այնպես որ` պետք է լինի մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, բայց պետք է աշխատենք, որ առավել ընդունելի լինի մեզ համար: Ես գիտեմ, որ հին քարտեզներ կան, որտեղ վերջին քարտեզների հետ համեմատած՝ բավականին տարբերություններ կան` ՀՀ մակերեսի հետ կապված:

– Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Նախիջևանին սահմանակից Երասխի ուղղությամբ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել մի շարք դիրքեր: Որքանո՞վ է սա հնարավոր, թեպետ ՊՆ-ից հերքել են:

– Սա Երասխի հարցը չէ, նման հարցեր կան ամբողջ ՀՀ սահմանի երկայնքով: Իսկ նման հարցերը հնարավոր է լուծել միայն միջպետական հանձնաժողովի միջոցով դեմարկացիայի գործընթացի արդյունքում: Իսկ հիմա ՀՀ հատվածում շփման գծի փոփոխությունը գտնում եմ խիստ վտանգավոր, եթե նման քայլեր ձեռնարկեն: Կարծում եմ` չեն անի: Ի վերջո, չմոռանանք, որ, եթե ԽՍՀՄ քարտեզն ենք վերցնում, ապա Ադրբեջանը մտել է մեր տարածք Բերքաբերի հատվածում, Պառավաքարի, Արծվաշենի խնդիր կա: Նման խնդիրներ բոլոր տեղերում էլ կան, որը բնական է` պատերազմի օրերից սկսած՝ այս 30 տարվա ցուցանիշներ են, որոնք եղել են: Մենք ենք առաջ գնացել, իրենք են առաջ եկել, բայց հիմա դա փոխելը մեծ խնդիրներ և բարդություններ կբերի: Կարծում եմ` միակողմանի ոչ ոք նման քայլի չի գնա` երկրի ղեկավարությունը, ՊՆ-ն, որ ՀՀ հատվածում դիրքերի փոփոխություն կատարեն: