Ովքե՞ր են կանգնած «ռամիլսաֆարովներին» հանձնելու խայտառակ գործարքի հետևում. ուշագրավ փաստեր

ՀՀ իրավասու մարմինները մեկը մյուսի հետևից իրենց վրայից «գցում են» Ադրբեջանի օգտին լրտեսություն, ազգային ատելության շարժառիթով Քարվաճառում սպանություններ և այլ ծանր հանցագործություններ կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևին Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունը՝ այն բարդելով բացառապես Արցախի իշխանությունների վրա։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ Արցախի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ԱՀ ոստիկանության պետի՝ 2020թ. հոկտեմբերի 27-ի դիմումի հիման վրա ադրբեջանցի դատապարտյալներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը ժամանակավորապես տեղափոխվել էին Հայաստանի Հանրապետություն, սակայն Արցախի ոստիկանապետի՝ դեկտեմբերի 7-ի մեկ այլ գրությամբ նրանք ՀՀ ԱՆ համապատասխան ՔԿՀ-ից տեղափոխվել են Արցախի Հանրապետության ոստիկանության տնօրինության տակ:

«Քրեակատարողական ծառայությունը որևէ առնչություն չի ունեցել ադրբեջանցի դատապարտյալներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի ազատ արձակելու և այլ վայր տեղափոխելու հետ»,– ասված է մեզ ուղարկված պատասխանում։ Նշենք, որ Արցախում պատերազմով պայմանավորված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ադրբեջանցի դատապարտյալների պատժի կրման օրինականության նկատմամբ հսկողություն պետք է իրականացներ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մինչդեռ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից մեկնաբանել էին, թե ադրբեջանցի դիվերսանտները իրենց պատիժը չեն կրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում։ Փաստորեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղյակ չի եղել, որ Արցախից պատերազմի առաջին իսկ օրերին ՀՀ են տեղափոխվել «Շուշի» քրեակատարողական հիմնարկում պահվող բոլոր ազատազրկվածները, որոնց պատժի կրման օրինականության հսկողության համար Արցախի դատախազության որևէ աշխատակից Հայաստան չի գործուղվել։ Արցախում ազատազրկված անձինք գտնվել են բացառապես ՀՀ իրավասու մարմինների վերահսկողության ներքո։

Դատախազությունից միաժամանակ պարզաբանել էին, որ ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալի կարգավիճակ ունեցող անձանց հանձնման գործընթացը դուրս է ՀՀ գլխավոր դատախազության իրավասությունից և, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանձնման հարց դատախազությունում չի քննարկվել։ Իսկ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ դատապարտյալի հանձնման (էքստրադիցիա) հարց դատարանը չի քննարկում։ «Ընդհանրապես, ցանկացած դատապարտյալի տեղափոխումը ՀՀ իրականացվում է միայն դատապարտյալի և պատժի կրման պետության համաձայնությամբ և նրա նկատմամբ կայացված դատավճռի ճանաչման գործընթացով, որից հետո անհրաժեշտ է մյուս կողմի համապատասխան միջնորդությունը դատապարտյալի փոխանցման համար, ինչպես սահմանված է «Դատապարտյալների փոխանցման մասին» Եվրոպայի Խորհրդի 1983թ. կոնվենցիայով։ Նման միջնորդությունը բացակայել է, հետևաբար ՀՀ իրավասու մարմինը չի կայացրել այդպիսի որոշում»,–պարզաբանել էր ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստորեն ոչ ՀՀ արդարադատության նախարարությունը, ոչ դատախազությունը և ոչ էլ քրեակատարողական ծառայությունը «տեղյակ չեն եղել» առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված և տևական ժամանակ ՀՀ–ում պահված ադրբեջանցի դիվերսանտների հանձնման գործընթացից։ Մինչդեռ NEWS.am–ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ադրբեջանցի դիվերսանտների հանձնման գործընթացի «թղթաբանությունն» իրականացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իսկ դիվերսանտների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճիռը Հայաստանի Հանրապետության անունից լեգիտիմացրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը։

Նկատենք, որ մինչ այս պահը, ադրբեջանցի երկու դիվերսանտների հանձնման շարժառիթներին անդրադարձել է միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ընդամենը հայտարարել է, որ հանձնման որոշումն ընդունվել է սպանված Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետ։ «Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը»,–հայտարարել էր նա։

NEWS.am-ն այս ընթացքում փորձել է կապ հաստատել Արցախի նախագահի աշխատակազմի հետ՝ պարզելու, թե իրավական ի՞նչ հիմքերով է իրականացվել դիվերսանտների հանձնման գործընթացը, սակայն արցախցի որևէ պաշտոնյա մեր զանգերին չի պատասխանում։

Մինչ ՀՀ իրավապահ կառույցները փորձում են իրենց վրայից «գցել» «ռամիլսաֆարովների» հանձնման պատասխանատվությունը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հավաստիացնում է, որ համաձայնեցվել է գերիների փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, Բաքվի ռազմական դատարանը կալանավորում է Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին՝ մեղադրելով նրան Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին տանջելու մեջ։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը մեղավոր էին ճանաչվել լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու,  կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար: Դիլհամ Ասկերովն դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման։ 2020թ. դեկտեմբերի 14–ին առանձնապես ծանր հանցագործություններ կատերալու համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտները փոխանցվեցին Ադրբեջանին։