ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ․ Կարին Տոնոյան

Արցախի գոյամարտում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այս նկարները հիշում եք, պարոն Պողոսյան, հրանմանատար ՄԵԼՈ,

14 տարի առաջ այս օրը նժդեհիկների առաջին ջոկատը Կապան ճանապարհվելիս 1 օրով հյուրընկալվեց ՀՀ Զու Գորիսի զորամասում, որի հրամանատարը Դուք էիք: Դուք նժդեհիկներին հանդիսավոր խոստացաք, որ իրենց հայրենիքում այլևս միշտ հաղթանակ է լինելու և այլևս երբեք հայ մանկանը վտանգ չի սպառնալու մեր երկրում……

Այդ օրը ինձ նվիրեցիք նաև ձեր մասին գրված գրքույկը՝ «Մեր Մելոն»……

14 տարի է անցել, Դուք այսօր Սյունիքի մարզպետ եք նշանակված, դավադիր կազմակերպված պատերազմի արդյունքում կորցրել ենք մեր Հայրենիքի մի մեծ հատված, վտանգված է  Նժդեհի փրկած Սյունիքը, ձերբակալված են Ձեր մարզի երեք քաղաքապետ….

Վերջին շրջանում հազվադեպ ուրախություններիցս մեկը եղել է Ձեր մարզպետ նշանակվելը, և ուզում եմ հիմա հարց տալ Ձեզ՝ ով եք Դուք հիմա, Սյունիքի սահմաններն անառիկ պահած հրամանատար Մելոն, թե նշանակված մարզպետ Պողոսյանը:

Դե՛, հրամանատար, Դուք հիմա եզակի հնարավորություն ունեք ապացուցելու, որ արժանի եք նժդեհյան մարզը ղեկավարելու, որ Ձեր ղեկավարած մարզում հայրենասեր քաղաքապետներին քաղաքական շահարկումներով ձերբակալել չեն կարող……

Կանգնեք հզոր սյունեցու կողքին, մի դարձեք այս խամաճիկի կամակատարը, վաղը նորից եմ Սյունիք բերելու նժդեհիկներ ու հայ ասպետներ, պահեք նրանց աչքերին նայելու իրավունքը, խնդրում եմ, հորդորում ու պահանջում……»:

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: