Հայաստանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Լոռիի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: