ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը կդասավանդի նաև Արաբական Միացյալ Էմիրություններում

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը հրավիրվել է դասավանդելու Արաբական Միացյալ Էմիրությունների UNITED ARAB EMIRATES UNIVERSITY համալսարանում՝ հայկական քանոնի մասին դասախոսություններով։ Առայժմ դասերը հեռավար են անցկացվում՝ պայմանավորված համավարակով, քանոնահարուհին Հայաստանում է, բայց հետագայում թերևս կմեկնի Արաբական Էմիրություններ՝ այնտեղ առժամանակ դասախոսական գործունեությամբ զբաղվելու։

Սա հրաշալի հնարավորություն է հայկական քանոնը աշխարհին ճանաչելի դարձնելու՝ որպես հայկական նվագարան և միջազգային մշակութային հարթակներում ամրագրելու դրա ծագումնաբանությունը, քարոզելու այն և դրա միջոցով նաև հայկական երաժշտարվեստը։ Մեզ հետ զրույցում Հասմիկ Լեյլոյանն ասաց, որ իրեն դասախոսության հրավիրել են Արաբական Միացյալ Էմիրություններում իր կատարած համերգային շրջագայությունների շնորհիվ, երբ լսել են նրա կատարումները և մեծ հետաքրքրություն ցուցաբերել հայկական քանոնի, քանոնահարուհու արվեստի և ընդհանրապես հայկական երաժշտարվեստի նկատմամբ։

Հասմիկ Լեյլոյանը տասնյակ տարիներ ի վեր կարևոր առաքելություն է իրականացնում հայկական նվագարանների ու հայկական երաժշտության ուսուցման, քարոզչության և աշխարհին ճանաչելի դարձնելու գործում՝ ոչ միայն դասավանդելով հայկական բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններում, այլև համերգներով աշխարհի տարբեր երկրներում պատմելով հայի, Հայաստանի, հայկական մշակույթի մասին, միջազգային կապեր հաստատելով երաժշտական աշխարհում և այդ կապերի՝ հայտնի երգիչների ու երաժիշտների, արտիստների շնորհիվ նաև խոսելով հայի մասին, ներկայացնելով հային, մեր պատմությունը, մեր ճակատագիրը, մեր առաքելությունը։