Քրեական գործ՝ ասուլիսում հնչած մտքերի համար

Երեկ՝ դեկտեմբերի 22-ի գիշերը, ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն  տարածեց՝ «Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1- ին մասով  քրեական գործ հարուցելու և  նախաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Անմիջապես հաջորդ օրը՝ դեկտեմբերի 23-ին ժամը 12։30-ին, Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբում պետք է մամուլի ասուլիսով հանդես գար, սակայն 12։15-ի սահմաններում զանգել է իր աշխատակցին զգուշացրել, որ ասուլիսը չի կայանալու, քանի որ ոստիկանները եկել են իր հետևից՝ ենթադրելով, որ տանում են ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն ոստիկանները չեն թույլատրել շարունակել խոսել հեռախոսով և այլ մանրամասներ հայտնել։

Այնուհետև LIVEnews.am-ի լրագրողն այցելեց Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ հերթապահ մասից հայտնեցին, որ Գառնիկ Իսագուլյանը եղել է այնտեղ, սակայն նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։ Լրագրողը փորձեց պարզել՝ ի՞նչ հոդվածով և կարգավիճակով է նա գտնվում Քննչական կոմիտեում, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել, հորդորելով զանգահարել 102 հեռախոսահամարով՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն։

Սակայն այդ վարչությունից մեզ հայտնեցին, որ գործը հարուցվել է Քննչական կոմիտեի կողմից, հետևաբար միայն Քննչական կոմիտեից կարող են տեղեկություն տրամադրել, իրենք իրավասու չեն։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը անձնական պատճառներով աշխատանքի չէր և հորդորեց զանգահարել կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղ համառորեն զանգերին չեն պատասխանում։

Ռիմա Եգանյանը տեղեկացրել էր, որ որոշ ժամանակ հետո մամուլի հաղորդագրություն կտարածվի Գառնիկ Իսագուլյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։

Ժամեր հետո Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ. Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված՝ հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր:

2020 թ. դեկտեմբերի 23-ին վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է»: