Ինչո՞ւ են սահմանները գծվում Հայաստանի համար ամենաանբարենպաստ քարտեզով. պահանջատեր քաղաքացիները բաց նամակներ են ուղարկել վարչապետի աշխատակազմ, ԱԺ, ԱԳՆ, ՊՆ

Պաշտպանության նախարարության շենքի դիմաց մի խումբ պահանջատեր քաղաքացիներ են հավաքվել՝ ներկայացնելու սահմանազատման հարցերով հանձնաժողով ստեղծելու հանրային պահանջը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց բացատրել, թե ինչու են սահմանները գծվում Հայաստանի համար ամենաանբարենպաստ քարտեզի համաձայն։

Նրանք նշում են, այսօր հայ գյուղացին, սահմանամերձ գյուղի բնակիչը մենակ է մնացել ադրբեջանցու հետ, ոչ մի պաշտոնյա այդ աշխատանքերին չի մասնակցում։

«Բացատրություններ պետք է տրվեն, թե ինչո՞ւ հենց այն քարտեզը, որն ամենաանբարենպաստն է Հայաստանի համար»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Մեկ այլ քաղաքացի պնդում է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հեռահար նպատակը Սյունիքը, ապա նաև ողջ Հայաստանը վերցնելն է։

«Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել մեր շահերը, եթե չեն պաշտպանում, ուրեմն աջակցում են թուրքերին ու ադրբեջանցիներին։ Այս գործընթացը միայն դրան է տանում, օր առաջ պետք է վերջ տալ այս ամենին, ունենալ հայրենանպաստ իշխանություն»,- ասաց նա։

Քաղաքացիները բաց նամակներ են պատրաստել, դրանք ուղարկել վարչապետի աշխատակազմ,  ԱԺ պատգամավորներին, ԱԳՆ, ՊՆ.

«Համաձայն պետական սահմանի մասին ՀՀ օրենքի 2-րդ գլխի 5-րդ հոդվածի, Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:

Հաշվի առնելով վերոնշյալը և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման ու սահմանագծման համար անհրաժեշտ միջպետական որևէ փաստաթղթի բացակայությունը, և այն, որ որևէ տեղեկություն ընթացող գործընթացի մասին չի հաղորդվում, խնդրում ենք պարզաբանել, թէ ինչու դեռ չի ստեղծվել սահմանազատման և սահմանների ճշտգրտման աշխատանքներն իրականացնող այնպիսի հանձնաժողով, որը կորոշեր աշխատանքների մեթոդաբանությունը, կքննարկեր բոլոր անհրաժեշտ մասնագիտական հարցերը, ինչի բացակայության պարագայում պարզապես հնարավոր չէ կատարել ճշգրիտ սահմանազատման ու սահմանգծման աշխատանքները։

Կարելի է կիրառել արդեն եղած փորձը, ինչպես 2000 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի N 763 որոշմամբ «ՀՀ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով» հանձնաժողովի ստեղծումը, որով նաև հաստատվել է դրա մասնագիտական կազմը»։

Հեղինակները խնդրում են համակարծիք քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին մեկնաբանություններում միանալ բաց նամակին և տարածել։