Կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը. ԼՂՀ պետնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտության ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Հակառակորդի հասցրած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն դրամական արտահայտությամբ գնահատելու համար, բայց արդեն կարող ենք ասել, որ դա համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալի հետ: Դա վերաբերում է հիմնականում այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան»,-ասել է Մարտիրոսյանը:

Պետնախարարի խոսքով՝  Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար ճգնաժամի եզրին»: Ռազմական գործողությունների պատճառած վնասը առաջին հերթին ազդել է ենթակառուցվածքային օբյեկտների և քաղաքացիների մասնավոր սեփականության վրա, տեղեկացրել է Մարտիրոսյանը:

«Այն բանի պատճառով, որ ռազմական գործողությունների հետևանքով տարածքների մեծ մասը անցել է հակառակորդին կամ գրավվել է, մեր տնտեսությունը կորցրել է գյուղատնտեսական նշանակության հողերի և էներգետիկ օբյեկտների մեծ մասը: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների ունեցվածքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական սարքավորումներ, նույնպես ոչնչացվել է, կամ մնացել է մեր վերահսկողությունից դուրս »,-ասել է պաշտոնյան: