Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 351 տեղահանված. ՌԴ ՊՆ

Օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինվորականների դեմ սադրիչ գործողություններ չեն նկատվել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 351 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակության վայր է վերադարձել 42718 մարդ:

Ռուսական խաղաղապահ զորակազմի մասնագետները շարունակումեն Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտի երթևեկելի գոտիներում իրականացվել են ինժեներական հետախուզություն և ականազերծման աշխատանքներ: Մաքրվել են 15 հա տարածք, 4.6 կմ ճանապարհ, ստուգվել է 11 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 307 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում  չպայթած զինամթերքից մաքրվել են 262.97 հա տարածք, 99.9 կմ ճանապարհ, 434 բնակելի շենք, հայտնաբերվել ու ոչնչացվել է 8618 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, ԿԽՄԿ-ի և ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, Արցախում շարունակում է ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների որոնման ու փոխանցման աշխատանքները:

Թեժ գծի աշխատանքների սկզբից մինչ օրս ստացվել է 528 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:

Երեկ նման դիմումների ստուգման ժամանակ որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերվել և Արցախի վարչակազմին է փոխանցվել Հայաստանի երկու բնակիչ: