Տղաներն այցելել են դպրոցի սաներին, որոնք պատերազմի օրերին իրենց սնունդ էին ուղարկել (տեսանյութ)

Բոլորս հիշում ենք Աշոտ Սևյանին, որը հայտնի տեսանյութում ամերիկացի անկախ լրագրող Պատրիկ Լանկաստերին պարզաբանում էր, որ չի պատրաստվում դուրս գալ Չարեքթարից, լքել գյուղը մի խումբ կամավորականների հետ՝ չնայած նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության  համաձայն՝ Շահումյանի շրջանի Չարեքթար գյուղը պետք է հանձնվեր Ադրբեջանին: Եվ այդ կամավորական տղերքի հաստատակամությամբ ու քաջությամբ գյուղը փրկվեց ադրբեջանցուն նվիրաբերվելուց ու մնաց հայաբնակ, մնաց Արցախի Հանրապետության սահմաններից ներս։ Աշոտ Սևյանը երեք պատերազմի մասնակից է, մարտերի ժամանակ երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել ու նորից վերադարձել դիրքեր։ Մարտական ընկերները  նրան Կոբրա անունով են կնքել:

Այսօր Կոբրան իր զինակիցներով այցելել էր Սարդարապատի միջնակարգ դպրոց՝ դպրոցի սաների համար նվերներով ծանրաբեռնված։ Իսկ ամենակարևոր խորհրդանշական նվերը դրոշն էր, որի վրա Քարվաճառում իրենց դիրքերը զիջել հրաժարված կամավոր տղաներն իրենց ստորագրություններն են անմահացրել։ Դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը տղաներին հրավիրել էր մասնակցելու վեցերորդ դասարանի ռազմագիտության դասին, որը նվիրվեց հայրենասիրությանը։ Իսկ դասն անցկացվեց «Ծառայում եմ Հայրենիքին» խորագրով։ Ուրիշ ո՞վ, եթե ոչ հայրենիքին բազմիցս իրենց հավատարմությունն ապացուցած, կյանքը հանուն հայրենիքի զոհաբերելուն պատրաստ այս տղաները կարող են մատաղ սերնդին պատմել հայրենիքի, հայրենասիրության, հողը պահելու, մեր ինքնության պահպանման անհրաժեշտության, թշնամու հետ միշտ զգոն լինելու և արտաքին ու ներքին թշնամիներին ճիշտ դիմագրավելու մասին։ Այս տղաները դա իրենց փորձով գիտեն, իրենց ամեն բջիջով են այդ դասերն առել ու ավելի ամրապնդվել հայրենիքը սիրելու գաղափարում։

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Աշոտ Սևյանը, այս դպրոց այցը պատահական չէր․ դեռ պատերազմի օրերին հենց այս դպրոցից ճակատ ուղարկված սննդով լի արկղերը իրենց էին հասել՝ գոտեպնդող գրառումներով ու նկարներով։ Եվ դեռ այն ժամանակ զինվորները որոշել են պատերազմից հետո անձամբ հանդիպել երեխաներին ու ասել, որ նաև այդ ծանրոցների շնորհիվ իրենք կարողացան ամուր մնալ, թող որ այս գնով, բայց ոգին ու հույսը պահպանելով, որ հայրենիքը կարող են հետ բերել, հազարավոր մահերն իմաստավորել։

Մինչև այս, Աշոտ Սևյանն իր զինակից ընկերների հետ այցելել էր նաև Արցախի դպրոցներ՝ հայրենասիրության դասեր անցկացրել այդ դպրոցների սաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում