Ինչպե՞ս է անցել Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած եռօրյա մասնավոր այցն ավարտվել է, նա արդեն վերադարձել է։ Թե ինչ այցի մասին է խոսքը, Քոչարյանի գրասենյակը չի մեկնաբանում։

«Մասնավոր այց է եղել, այլ տեղեկություն չունեմ հաղորդելու»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Ճի՞շտ է, որ մեկնել էր՝ մասնակցելու «Սիստեմա»-ի նիստերին, նա հաստատեց։

Մեր տեղեկություններով, Քոչարյանը մի քանի տարի չէր մասնակցել «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի տարեկան ժողովին, որի խորհրդի անդամ է՝ անկախ տնօրեն։ Բայց Մոսկվա մեկնելու նպատակներից մեկն էլ քաղաքական հանդիպումներն են եղել։

Ու թեև որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ «ամեն ինչ լավ է անցել»՝ չմանրամասնելով, կարող ենք ենթադրել, որ նշանակալի հանդիպումներ չեն եղել, հակառակ պարագայում գոնե կարճ հաղորդագրություն կտարածեին»: