Դատախազը փաստաբանների հետ հանդիպմանը հաստատել է` հիմնավոր կասկածի դեպքում Փաշինյանը կձերբակալվի

«Հարց հնչեց դատախազին, որ եթե Դուք ունենաք օբյեկտիվ հիմքեր, ունենաք հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա Դուք արդյո՞ք կգնաք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը, պատասխանը դրական էր՝ այո»,- ՀՀ դատախազության դիմաց հավաքվածներին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը, որը մի խումբ փաստաբանների հետ քիչ առաջ հանդիպել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։

Մոտ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ փաստաբանները նրան հայտնել են իրենց  մտահոգությունները՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։

Արթուր Ղազինյանի խոսքով, գլխավոր դատախազին ներկայացվել է նախորդ հաղորդումների ճակատագիրը, արդեն իսկ հարուցված քրեական գործերով գործողությունների ընթացքը, ինչպես նաև այսօր Նիկոլ Փաշինյանի արարքներում պետական դավաճանության տարրերի մասին ներկայացված հաղորդման մասին։

Նա նշեց, որ հիմա իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։

Տեղեկացնելով, որ պետական դավաճանության հիմքերը ներկայացված են դատախազությանը՝ Արթուր Ղազինյանը հայտնեց, որ դատախազը երաշխավորել է, որ հարուցված բոլոր քրեական գործերով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն է ընթանալու։

«Նաև իր առջև դրվեց մի այսպիսի խնդիր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության օրեցօր խորացող սպառնալիքներն ունենան մեկ լուծում՝ իրավական»,- հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի նախագահը և շեշտեց, որ իրենք կսպասեն դատախազության գործողություններին: