Հանրային հեռուստաընկերությունը վարչապետի ու քահանայի միջադեպը ներկայացրել է ոչ ամբողջական․ «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության դեկտեմբերի 21-ի լուրերի գլխավոր թողարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու քահանայի միջև միջադեպին հաջորդած զարգացումները չեն ներկայացվել, տեղեկացնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Հիշեցնենք, Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում քահանան հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը՝ ի պատասխան ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալով։ Դրանից հետո համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր` մի շարք մարդիկ շտապում էին եկեղեցի քահանայի հետ հաշվեհարդար տեսնելու։ Շատ լրատվամիջոցներ շտապեցին պարզաբանումներ ստանալ քահանայից։ Պարգև քահանա Զեյնալյանը ներկայացրել էր իր տեսակետը։ Նա նշել էր, որ իր քայլի պատճառը հայրենիքում տեղի ունեցածն էր։ Փաշինյանին չի արգելել եկեղեցի մտնել, ասել է` սպասիր Աստծո դատաստանին։

Լրատվականը, սակայն, քահանայից պարզաբանում չի վերցրել, չի ներկայացրել, որ ի պաշտպանություն քահանայի հանդես եկան շատ հասարակական-քաղաքական գործիչներ։ Իսկ վարչապետի Սյունիք այցի մասին ռեպորտաժը յութուբյան էջում վերնագրել է․ «Սահմանազատումն իրականացվում է վարչատարածքային բաժանման մասին 2010-ին ընդունված օրենքով. վարչապետ», սակայն չի ներկայացրել իրավական այն փաստարկները, որ հաջորդեցին վարչապետի հայտարարությանը։

Ընդդիմադիր գործիչները հայտարարեցին, որ 2010-ի օրենքը ոչինչ չի սահմանում Հայաստանի պետական սահմանի մասով, վարչատարածքային բաժանումն ու սահմանազատումը տարբեր իրավական երևույթներ են, և որ վարչապետը մեջբերելով օրենքը փորձում է տպավորություն ստեղծել, թե սահմանազատման գործընթացն ընթանում է ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակում։ Լրատվականը նաև չի ներկայացրել, որ ԵՊՀ դասախոսները, գիտնականներն ու պրոֆեսորները տեղեկացրել են, որ միանալու են վարչապետի հրաժարականի պահանջով այսօրվա գործադուլին, որն արդեն մեկնարկելել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների խոսքերը կրկնվում են։ Ներկայացվող ռեպորտաժներում շրջանառվում է նույն թեզը, հիմնականում գյուղերի բնակիչների պնդումները, որ եթե վարչապետը հրաժարական տա, այդ դեպքում նրան կհամարեն դավաճան։ Լրատվականը դիմում է մանիպուլյացիաների ու ներկայացվող ռեպորտաժներում ավելի շատ եթերաժամանակ տրամադրում վարչապետի աջակիցներին, իսկ ընդդիմադիրների տեսակետները եթե անգամ ներկայացվում են, ապա հպանցիկ։