Դատախազությունն այս պահին ունի առնվազն մեկ գործառույթ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցումն է. Արամ Վարդևանյան

«Իրավաբանական համայնքը ստեղծված իրավիճակում ազդակ է փոխանցում թե իրավական որակումների, թե հայտարարությունների, թե դիրքորոշման մասով և պահանջում է իրավապահ համակարգից կոնկրետ գործողություններ: Տվյալ դեպքում խոսքը, իհարկե, դատախազության մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը, որը միացել է փաստաբանների երթին դեպի ՀՀ Ազգային ժողով, այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն:

Նրա խոսքով, մարդիկ գիտեն, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչ աստիճան քաղաքականացված մարմին է, բայց մյուս կողմից կա ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ ևս արցախյան դեպքերի հետ կապված  քննություն է կատարվում է: Օրինակ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի ձայնագրությունը գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում:

«Դատախազությունն այս պահին ունի առնվազն մեկ գործառույթ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի լիազորությունների ժամանակավորապես  դադարեցումն է: Պարզ է, չէ, որ այն պայմաններում,  երբ այդ անձը կարողանում է կառավարության  շենք հրավիրել գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին,  վճռաբեկ դատարանի դատավորներին, չի կարող լինել օբյեկտիվ քննություն»,- նշեց փաստաբանը:

Հարցին՝ այս օրերին ինչպե՞ս եք գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը, Ա. Վարդևանյանն ասաց՝ խիստ բացասական:

«Կոնկրետ այն գործողությունները, որոնք արվեցին Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի, գեղանկարիչ Աշոտ Ավագյանի նկատմամբ, իբրև սպանության նախապատրաստման մասով,  խայտառականություն էր: Վստահեցնում եմ՝ իրավական հետևանքներ ունենալու են»,-նշեց նա:

Ըստ նրա, այն պայմաններում,  երբ ունեն կոնկրետ դեպքեր, որոնք պետք է քննության առարկա դառնան, կալանավորման միջնորդություններ ներկայացվեն, դրանք անտեսվում են, ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը հայտնում է ապօրինի հրամանների հետ կապված խնդիրներ են եղել, դրանք անտեսվում են, բայց լեգենդար հրամանատար Աշոտ  Մինասյանին փորձում են կալանավորե՞ն:

«Իրավապահ համակարգն ունի բոլոր հնարավորությունները իր մեջքն ուղղելու, իրական, օբյկետիվ  քննության իրականացնելու համար:

Դրա համար պետք է մեկ գործիք իրացնեն՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցնեն: Չեմ ասում՝ ձերբակալման, կալանավորման միջնորդությունների մասին, որոնք ևս պետք է լինեն: Ես առնվազն մեկն եմ նշում»,- ասաց Ա. Վարդևանյանը: