Հիմա Փաշինյանը շուտով կհամոզվի, որ եթե ևս մեկ անգամ մայրաքաղաքից դուրս գա, չի կարող Երևան մտնել, արդեն Երևանը կփակեն իր դեմ. Հրանտ Բագրատյան

Օղակը սեղմվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ, հիմա նա չի կարող Երևանից ուրիշ տեղ գնալ, շուտով նա կհամոզվի, որ եթե ևս մեկ անգամ Երևանից այլ տեղ գնա, չի կարող Երևան էլ վերադառնալ. այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով դեպի Եռաբլուր Փաշինյանի կազմակերպած երթին՝ նա ասաց. «Փող էին տվել, մարդիկ էին հավաքվել գուցե 5, գուցե 10 հազար, ինչի՞ էր գնում սրացման, ինչի՞ն էր պետք»,- ասաց նա և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացուցել, թե իրեն աջակցողներ կան։

Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է գնար Սյունիք, բայց մտավ մի քանի գյուղ, ապա Սիսիան և հետ դարձավ, Բագրատյանն  ասաց. «Հիմա նա չի կարող Երևանից ուրիշ տեղ գնալ, շուտով դրանում կհամոզվի, շուտով նաև կհամոզվի, որ եթե ևս մեկ անգամ Երևանից դուրս գա, էլ չի կարող Երևան մտնել, արդեն Երևանը կփակեն իր դեմ: Ես կարծում եմ, որ համզգային շարժումը, որ ծավալվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի բավականին գրագետ խնդիրն առաջ է տանում, օղակը սեղվում է Նիկոլ Փաշինյանի շուրջ»::

Հարցին՝ Սյունիքում ի՞նչ է տեղի ունենում, նա ասաց, որ եթե նկատի առնի այսօրվա իրադարձությունը, ապա այսօր Փաշինյանին դուրս հրավիրեցին եկեղեցուց: «Նրան արդեն չեն թողնելու, որ մտնի կառավարության աշխատասենյակ, որ աշխատի, շուտով նրան չեն թողնի մտնի ամառանոց՝ ապրի այնտեղ և վերջապես մի օր էլ չեն թողնի, որ ոտքը կպնի հայոց հողին ու նա ստիպված է լինելու ինչ-որ ծառի վրա բարձրանալ, որովհետև այն ինչ նա արել է, դա խայտառակություն է»,- շեշտեց Բագրատյանը: