Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է Ֆորդոյի ատոմային օբյեկտում շինարարության մասին

Իրանն Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրազեկել է Ֆորդոյի ատոմային օբյեկտում շինարարության մասին: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ՄԱԳԱՏԷ-ին հայտնեցինք այդ (շինարարության) մասին և ոչինչ չենք թաքցրել»,- ասել է նա:

Դիվանգետը հավելել է, որ «(ատոմի ոլորտում) Իրանի բոլոր գործողությունները գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

«Մենք գործակալությանը խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ քաղաքական հարցերից, ինչը կօգնի պահպանելու թե՛ ՄԱԳԱՏԷ-ի հեղինակությունը և թե՛ Իրանի հետ կազմակերպության համագործակցությունը»,- նշել է նա:

Դեկտեմբերի 18-ին AP (Associated Press) գործակալությունը հայտնել էր, որ արբանյակային լուսանկարները վկայում են Իրանի Ֆորդոյի ատոմային օբյեկտում ստորգետնյա շինարարություն սկսելու մասին: Նշվում է, որ աշխատանքներն սկսվել են սեպտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 1-ին Իրանի Մեջլիսը քվեարկել է այն օրինագծի օգտին, որը կառավարությանը պարտավորեցնում է ավելացնելու ուրանի հարստացման աստիճանը: Օրինագծի համաձայն՝ երկրի իշխանությունները պետք է մեկ տարվա ընթացքում հազարական լրացուցիչ ցենտրիֆուգներ շահագործման դնեն Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներում: