Ժողովո՛ւրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր սրտից զարնված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանութեան չի հանգստացել պատյանում

«Ժողովո՛ւրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր սրտից զարնված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո  ինքնապաշտպանութեան չի հանգստացել պատյանում:

Լսի՛ր, մի ավելորդ, գուցե և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է.

-Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ, և ես հասա քո կանչին: Ասա՛, ժողովո՛ւրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխը: Ասա՛, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում` ոչ: Ասա՛, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովո՛ւրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա»:

Գարեգին Նժդեհ

Աշոտ Մինասյան Երկաթի ֆեյսբուքյան էջից