Հունաստանը ԱՄՆ-ին հնարավորություն է տվել ռազմավարական տեսանկյունից փրկվելու թուրքական գերությունից

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործում իր դերակատարությունն է ունեցել նաև Աթենքը:

Դենդիասի խոսքով՝ նախորդ տարի ԱՄՆ-Հունաստան Պաշտպանական համագործակցության պայմանագրում կատարված փոփոխությունների շնորհիվ Վաշինգտոնի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում համապատասխան ենթակառուցվածքներ են ապահովվել:

Խոսքը վերաբերում է հունական Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի ծավալների ընդլայնմանը և Ալեքսանդրուպոլիս նավահանգստում ամերիկյան կողմին տրամադրված մի շարք արտոնություններին:

«Հունաստանը ԱՄՆ-ին ռազմավարական տեսանկյունից թուրքական գերությունից փրկվելու հնարավորություն է տվել»,- ասել է Դենդիասը: Ըստ նրա՝ պատժամիջոցներից հետո ամերիկա-թուրքական հարաբերություններն արդեն այլ կլինեն, և հավասարակշռությունները կփոխվեն:

«Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ու տնտեսության վրա այդ որոշման ազդեցությունը ժամանակի ընթացքում կդրսևորվի»,- եզրափակել է Հունաստանի արտգործնախարարը: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am