Երկրի բնակիչներն այսօր անզեն աչքով կկարողանան տեսնել Յուպիտերի և Սատուրնի «միաձուլումը»

Երկրի գրեթե բոլոր բնակիչները կկարողանան դեկտեմբերի 21-ին սովորական հեռադիտակի միջոցով կամ նույնիսկ առանց դրա տեսնել ամենահազվադեպ աստղագիտական իրադարձություններից մեկը ՝ Սատուրնի և Յուպիտերի «միաձուլումը»: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին ասել է «Սկոլտեխ»-ի պրոֆեսոր Տատյանա Պոդլադչիկովան:

«Մայրամուտից հետո Երկրի բոլոր բնակիչները կկարողանան անզեն աչքով դիտել այս զարմանահրաշ աստղագիտական երևույթը: Գլխավորն այն է, որ եղանակը պարզ և անամպ լինի, և որքան մութ է երկինքը, այնքան լավ տեսանելի կլինի, քանի որ մոլորակները հորիզոնից շատ ցածր կլինեն հարավ-արևմտյան մասում, ավելի լավ է բլուր բարձրանալ մի վայրում, որտեղ հորիզոնը զերծ է բարձր շենքերից և ծառերից», – ասաց պրոֆեսորը:

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու ուշագրավ բնական երևույթ. Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները՝ Յուպիտերն ու Սատուրնը, «միաձուլվելու են» գիշերային երկնքում ՝ միմյանց ավելի մոտ հայտնվելով:

Աստղագետների խոսքով՝ Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակների այսպես կոչված մերձեցումները հազվադեպ չեն: Յուպիտերը յուրաքանչյուր 20 տարին մեկ անցնում է իր հարևան Սատուրնի կողքով: Սակայն այս անգամ սպասվում է չափազանց կարճ հեռավորության վրա մերձեցում, ինչը շատ հազվադեպ է լինում:

Մոլորակների շքերթը հնարավոր կլինի դիտել դեկտեմբերի 21-ին՝ մայրամուտից հետո: Եղանակային պայմանների թույլ տալու դեպքում՝ Երկրից Յուպիտերը և Սատուրնը կերևան որպես երկակի մոլորակ:

Մոլորակների մերձեցումը կարելի է տեսնել աշխարհի ցանկացած կետից, բայց հասարակածի բնակիչներն ավելի լավ պայմաններ կունենան:

Նման հազվադեպ երևույթը հաջորդ անգամ սպասվում է միայն 2400 թվականին: