Ո՛չ, պարոն վարչապետ, հայրենիք կորցնելու ու այսքան զոհեր ունենալու մեջ ես մեղավոր չեմ․ Ես շատ մեղքեր ունեմ, բայց ձեզ արդարացնելու համար ուրիշներին մի՛ մեղադրեք

Ո՛չ, պարոն վարչապետ, հայրենիք կորցնելու ու այսքան զոհեր ունենալու մեջ ես մեղավոր չեմ: Ես շատ մեղքեր ունեմ, բայց ձեզ արդարացնելու համար ուրիշներին մի՛ մեղադրեք: Իսկ իմ սխալները իմն են, շատ իմն են.… Էլ չշարունակեմ, քանի որ եթե շարունակեմ, կստացվի՝ արդարանում եմ:

Ինձ համար անհասկանալի է այն տարածված ավանդույթը, երբ բոլորն արդարանում են: Դեմ չեմ՝ եթե մարդը մեղավոր չէ ինչ-որ կոնկրետ իրավիճակում, արդարանա: Բայց ախր շատ վատ է, երբ արդարանում ենք ոչ թե իրականությունը օբյեկտիվ գնահատելով, այլ դիմացինին մեղադրելով: Հատկապես անընդունելի է, երբ ղեկավարը, ով պատասխանատվություն ունի, անընդհատ արդարանում է. հա, բոլորս էլ գիտենք ու մեր մաշկի վրա զգացել ենք նախկինների սխալները, բայց դա չի արդարացնում մերօրյա սխալները: Արդեն անտանելի է անընդհատ լսել̀ նախկիններն են մեղավոր: Ախր եթե կա այդ մեղքը, պետք է դրան հստակ բարոյական ու իրավական գնահատական տալ: Իսկ գիտե՞ք՝ ինչու դա չեք անում, որ այսօր ձե՛զ արդարացնեք: Այսպես ոչինչ չի կառուցվում: Հոգևոր կյանքի կարևոր սկզբունք կա, ես կասեի՝ կենսական. ուզո՞ւմ ես սխալդ շտկել ու սրբագրել, ուրեմն՝ երբեք մի՛ արդարացիր, այլ արդա՛ր եղիր:

Հիմա մենք մոտենում ենք Ս. Ծննդյան պահքին: Կոչս հետևյալն է, որ ազգովի, բոլորս ՊԱՀՔ պահենք, աղոթենք, սերը զորացնենք մեր մեջ, որպեսզի Ս. Ծննդյան ավետիսը նորովի ապրելու պայման դառանա: Ապաշխարե՛նք բոլորս: Հիսուս Մանկան մեջ թող մեր բոլոր, բոլոր նահատակները վերածնվեն: Մենք կորցրինք մեր լուսավոր զավակներին, բայց հերոս ծնելու ու հերոս դառնալու մեր կարողությունը դեռ չենք կորցրել: Այ, եթե շարունակենք արդարանալ, դա էլ կկորցնենք:

Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան էջից։