Արյունը ջուր չի դառնում. այս ամենի մեղավորն իրենք են և վարչապետը, որ պետք է ժամ առաջ հրաժարական տա. Գագիկ Ծառուկյան

Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ստեմ, այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի ստել են: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ իրեն լռեցնելու համար քաղաքական հետապնդումներ են սկսել իր դեմ: Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունը մտածված տարավ այսպիսի կորստի: «Չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը, անհնարին ոչինչ չկա, բայց ոչ մի բան չձեռնարկեցին, այլ մտածված տարան այդ ձախողմանը, պատերազմին, կորուստներին: Ես ասել եմ, որ իրենք չեն տիրապետում, ի վիճակի չեն կազմակերպելու, իրենց անցած ճանապարհը, փորձը․․․ բոլորը ձախողել են»,- ասաց նա և նշեց, որ սպասվող խնդիրների մասին դեռևս 7 ամիս առաջ տեղեկացրել է, սակայն ոչ մի քայլ չի կատարվել:

«Այսօրվա վիճակը նույնն է Հայաստանի ճակատագիրը, եթե նրանք մնան նույն ճակատագրին են արժանանալու, ամեն ինչ մեռած է, քանդված է, տնտեսություն, կառավարություն չկա, մարդիկ անտեր են»,- ասաց նա և նկատեց, որ ամբողջ Սյունիքը ուզում է դատարկվի:

«Զոհված զինվորների, անհետ կորածների ծնողներին խաբում են, ժամանակ են ձգում, որ կարողանան սառեցնել իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում, արյունը ջուր չի դառնում, այս բոլորի մեղավորը իրենք են, վարչապետը, որը պետք է ժամ առաջ հրաժարական տա»,- ասաց նա և նշեց, որ տնտեսությունն օր օրի ավերվում է, դրամը արժեզրկվում է, ամեն ինչ թանկանում է: