Քայլող սադրանքն իրավունք չունի ոտք դնել Եռաբլուր․ Ռուբեն Մելիքյան

Ես ևս կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն  իրավունք չունի ոտք դնել Եռաբլուր, քայլող սադրանք է գալիս դեպի Եռաբլուր, Եռաբլուրը եռապատկած անձը գալիս է այստեղ՝ չգիտեմ՝ ինչի համար։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, սակայն, թե իր՝ Եռաբլուրում գտնվելու հիմնական պատճառը հնարավոր բախումների դեպքում նպաստ ունենալն է, որ չլինեն ծանր դեպքեր։

«Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, եթե մինչև այսօր առավոտյան կարող էր շատերի կողմից որպես դավաճան որակվել իր գործողությունների, մեր հայրենիքը հանձնելու համար, այսօր շատերն արդեն խոսում են ոչ թե դավաճանի, այլ թշնամու մասին։ Ես կարծում եմ՝ այդ մոտեցումն ունի հիմքեր․ օրեր շարունակ զոհվածների ծնողները հայտարարում էին, որ չպետք է Եռաբլուրում լինի այն մարդու ոտքը, որը պատճառն է հանդիսացել այդ ծանրագույն կորուստների»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի կողմից սադրանք չէ Եռաբլուր գնալը, երբ զոհվածների հարազատները հայտարարում էին, որ նրան թույլ չեն տա մուտք գործել Եռաբլուր։

Մելիքյանն  ընդգծեց՝ մենք 1,5 ամսում ունեցանք մոտ նույնքան զոհ, որքան Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 3-4 տարիներին։  «Մեր բանակը գիտակցաբար տարվել է պարտության։ Զրո խնամք է դրսևորվել զինվորի կյանքի նկատմամբ, և այս պայմաններում այս երթն իրականացնելը ոչ թե սադրանք է, այլ թշնամական գործողություն ՀՀ-ի նկատմամբ»,-նշեց նա։

Հարցին՝ չի՞ անհանգստանում, որ կարող են բախումներ լինել, Մելիքյանն արձագանքեց, թե բախումների պատճառն անձամբ Նիկոլ Փաշինյանն է և իր գլխավորած խմբակը․ «Անհանգստություն ունեմ և այդ պատճառով էլ այստեղ եմ, որ փորձեմ, ինչքան հնարավոր է, նպաստ ունենալ, որ չլինեն ծանր դեպքեր»,-ասաց Մելիքյանը։

Նա նշեց, թե ճնշումներ են եղել պետական ծառայողների, աղանդավորների, տարբեր օլիգարխների պատկանող կառույցների նկատմամբ, որ կարողանան քանակ ապահովել․ «Սա ՀՀ դեմ հերթական հանցագործությունն է Նիկոլ Փաշինյանի կողմից»,-ասաց նա։