«ԵՄ-ը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, մասնակցել ԼՂ կարգավորման գործընթացին». Ժոզեպ Բորել

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել գործընկերության նոր համաձայնագիր, այդ թվում` գազի գնումների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ՝ ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհրդի նիստից հետո:

«ԵՄ-ը ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել նոր հավակնոտ և համապարփակ համագործակցության համաձայնագիր` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքի վրա: Սա կնպաստի Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և մեր առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կնպաստի մեր գործընկերության առավել լայն ձևով զարգացմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել և ձևավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է Բորելը:

Իր հերթին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին ընդգծել է Եվրամիության հետաքրքրությունն Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացման հարցում: Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Բրյուսելը նախատեսում է մինչև տարեվերջ Ադրբեջանից ստանալ առաջին գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով և նշել է, որ Բրյուսելը ուսումնասիրում է այս գազի փոխանցման նախագիծը Արևմտյան Բալկաններ տարածելու հնարավորությունը: