«168 ժամ». Փաշինյանի վերջին երթը

«168 ժամ»-ը գրում է. «Այսօրվանից Հայաստանում ու Արցախում հայտարարվել է եռօրյա սուգ՝ պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը ոգեկոչելու նպատակով։ Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելու բացատրությունն այն է, որ այդ օրը լրանում է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի 40-րդ օրը։ Իրականում նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի 40-րդ օրը սուգ հայտարարելն ունի ենթագիտակցական խորհրդանշականություն։

Այդ հայտարարությունը ստորագրողը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար գիտի, որ ստորագրել է Արցախը հանձնելու ու Հայաստանի պետությունն ու պետականությունը գոյաբանական վտանգի տակ դնող փաստաթուղթ։ Նոյեմբերի 9-ին մահացել է Հայոց պետականությունը, մահացել է այն Հայաստանը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը։

Հատկապես դեկտեմբերի 19-ին սուգ հայտարարելով՝ Հայաստանի մահվան թիվ մեկ «անմեղ պատասխանատուն» (բնորոշումն իրենն է) ոգեկոչում է Հայաստանի մահվան 40-րդ օրը՝ այդ ոգեկոչումը ծառայեցնելով իր քաղաքական նպատակներին։ Իր սովորության համաձայն։ Ինչպես ամեն ինչ, սուգը և վիշտը Հայաստանում ևս քաղաքականացվել է, և այսօր Նիկոլ Փաշինյանը սգո երթին քայլելով կամ չքայլելով՝ փորձելու է ցույց տալ, որ ինքը դեռ աջակցողներ ունի։

Կարևոր չէ, որ դա լինելու է բռնությամբ, սպառնալիքով, շանտաժով։ Կարևորը մարդկանց քանակն է, որոնք, եթե անգամ այդ երթին մասնակցելու են սգալու անկեղծ մղումով, միևնույն է՝ վերածվելու են Նիկոլ Փաշինյանի էժան քաղաքական նպատակներին սպասարկող միջոցի։ Նա չի դիմացել նաև համազգային սուգը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու գայթակղությանը։

Ինչպես որ չի դիմացել շատ ու շատարժեք բազմաթիվ այլ գայթակղությունների։ Այսօր սգակիր հայ ժողովրդի որոշումից է կախված՝ սա կլինի Փաշինյանի վերջի՞ն երթը, թե՞ նա կշարունակի գայթակղություններին տրվելու իր անփառունակ ու պետականակործան ընթացքը՝ ի հաշիվ Հայաստանի ու հայ ժողովրդի։

Անկախ օրվա ընտրության դրդապատճառներից, սակայն, պետականորեն սգո օրվա հայտարարումը կարևոր նշանակություն ունի։ Հայ ժողովուրդը ստացել է մահացու հարված, որի վերքը չի սպիանալու դեռ երկար ժամանակ։ Սուգը, սգո խորհուրդը կարող է և պետք է օգնի հայ ժողովրդին՝ տեղի ունեցածը գիտակցելու, զոհերի հիշատակն իրապես ոգեկոչելու և դրանից հետո ոտքի կանգնելու, ամրանալու ուժ գտնելու համար։

Հոգեբանության մեջ կա սուբլիմացիա հասկացություն, որի ընդհանուր իմաստն այն է, որ ցանկացած, անգամ ամենադաժան հոգեկան ցավից անձի մոտ առաջանում է էներգիա, որը կարող է վերափոխվել ստեղծարար, կառուցողական ուժի։ Ինչպես անհատը, այնպես էլ հասարակությունն ունի սուբլիմացիայի հնարավորություն, որը, սակայն, մեր պարագայում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ իշխանությունից կհեռացվի վշտի ու սգի հիմնական պատճառներից ու խորհրդանիշներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը։

Քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, հասարակությունն ամեն օր տեսնում և լսում, ապրում և վերապրում է այն ցավը, որը պատճառվել է հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով»: