Արայիկ Հարությունյանն աշխատակազմին է ներկայացրել Հայկ Խանումյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Ժիրայր Միրզոյանին, որն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր հանդիպմանը:

«Հայկ Խանումյանի նշանակման մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չպետք է փնտրել: Մեր երկրի համար այս ճակատագրական փուլում առաջադրված խնդիրը եղած ներուժի միավորումն է և ստեղծված սոցիալ-տնտեսական հրատապ հարցերին արագ և արդյունավետ լուծումներ տալը: Այս իմաստով տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթները մեծ են, ուստի մեծ են նաև ակնկալինքներն ու սպասելիքները»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Հայկ Խանումյանը հավաստիացրել է, որ բոլոր ջանքները ներդնելու է նախանշված ծրագրերը հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար: