Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:

«Պաշտպանության նախարարը, բնականաբար, որևէ գաղտնի փաստաթուղթ չէր կարող և չի ստորագրել: Առավելևս, պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- նշեցին Պաշտպանության նախարարությունից:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։