ՆԻԿՈԼԱՅԵՆ ՎԽՏԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԹԻՎԸ․ Անուշավան Դանիելյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր իմ ընկերներից մեկը, որ ծագումով Հադրութից է, ինձ գրեց, որ կարդացել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ի իմ գրառումը ֆեյսբուքում։ «Կարդացի ու լաց եղա պ. Դանիելյան», գրում է ընկերս։

Ես թերթելով ֆեյսբուքյան էջերս, գտա իմ այդ գրառումը, ու նորից կարդացի։

Սիրտս տակնուվրա եղավ։ Ինչու՞ երկու տարի առաջ ես գրեցի հենց Խծաբերդի մասին։ Խծաբերդի, որի հանձնումը այսօր  խորհրդանշում է ամբողջ Հադրութի շրջանի, Դիզափայտի բարձունքի, Տողի, Շուշիի դավադրաբար հանձնումը թշնամուն։

Ստորև 2018թ. Սեպտեմբերի գրառումս։

Երեկ Արցախում հայտնի, ու շատերի կողմից հարգված Արկադի Միրզոյանի (հայտնի Շուլցի), հոբելյանն էր, 70-ամյակը։ Այս փոքրիկ մանրապատումն էլ նվիրում եմ իրեն։

ՆԻԿՈԼԱՅԵՆ ՎԽՏԱՆՑ   ՆԻԿՈԼԻ ԹԻՎԸ

Երբ նոր էի նշանակվել Արցախի վարչապետ, իմ շրջագայությունները երկրում սկսում էի հեռավոր, փոքր, լեռնային գյուղերից և տեղում որոշումներ էինք կայացնում այդ գյուղերի վերականգնման, վերաբնակեցման, ենթակառուցվածքների, սոցիալական և այլ հարցերի շուրջ։

Մի անգամ, հերթական ուղևրություններից մեկի ժամանակ, պետք է այցելեինք Հադրութի շրջանի Խծաբերդ, Պետրոսաշեն և Արփագետիկ  հեռավոր, լեռնային գյուղերը։

Ինձ ուղեկցողների թվում էր նաև շրջանի այն ժամանակվա ոստիկանապետ, անգերազանցելի որսորդ Արկադի Միրզոյանը, հայտնի «Շուլցը»։ Տեղացիներն ասում էին Շուլցը անտառի միրհավների տեղը ավելի լավ գիտի, քան Ղարաբաղի ամենալավ տանտիրուհին իր հավերի տեղը։

(Հետագայում, երբ Արկադին տեղափոխվեց Ստեփանակերտ, կատակով ասում էր, «դե ես Հադրութը թողեցի եկա, հիմա էնտեղ մնացել են մենակ դաշնակներն ու խաղաղ բնակչությունը»)։

Ճանապարհը դեպի Խծաբերդ ավելի շատ նման եր դեպի երկինք մագլցող, ոլորապտույտ խորթուբորդ արահետի, լի փոսերով ու քարակույտերով։

Մի կերպ հասանք Խծաբերդ։ Սարերում ծվարած, աշնան գույներով ողողված, մի փոքրիկ գյուղ։ Մեկը մյուսին թիկնած, անմշակ քարից կառուցած, գյուղի տները, ժայռերի նման, այնքան էին ներդաշնակ միջավայրի, բնության հետ, որ կարծես թե երկնքից էին իջել, հազար տարի առաջ։ Երբ մոտեցանք գյուղին, զգացի նոր թխած հացի հոտը։ Գյուղի գողտրիկ տեսքն ու թարմ հացի հոտը ինձ հիշեցրին Մինասի «Լավաշ են թխում» կտավը։

Գյուղում ոչ էլեկտրականություն կար, ոչ գազ, ոչ էլ մի կարգին ճանապարհ։ Մեզ դիմավորեցին ամբողջ գյուղով։ Երկու շիկահեր, կապույտ աչքերով, արևահարված կարմիր թշիկներով մանկիկներ մեզ ավանդական աղ ու հաց մատուցեցին։ Իմ կողմից աղուհացը համտեսելուց հետո, մեզ մոտեցավ տարեց մի մարդ։ Ես բարևեցի նրան ձեռքով (կարծես թե մի քարի կտոր սեղմեցի)։ Այդ մարդը ձեռքս մի քանի անգամ թափահարելուց հետո, ասեց,- «Ընկեր վարչապետ, Նիկոլայեն վխտանց (ցար Նիկոլայի ժամանակից), մինչև Էսօր, մեր շենը հլա ղեկավար տեսած չի։ Պա՜րովըս եկալ» (բարով էս եկել)։ Հետո ժողովուրդը մոտեցավ, սկսեցինք հանդիպումը։ Հարցրեցի, «ի՞նչ կուզեիք, որ ձեր գյուղի համար անենք։  Այդ նույն մարդը ասաց,  «ընկեր վարչապետ, եթե կարողանաք մեր շենը լույս քաշել, մեզ ել ոչ մի բան պետք չի, շատ շնորհակալ կլինենք ձեզանից»։  Ասացի, մե՜նք պիտի ձեզանից շնորհակալ լինենք, որ ապրում եք այս պայմաններում, իսկ գյուղի էլեկտրաֆիկացումն էլ մեր պարտականությունն է։ Անպայման կանենք։

Շատ հուզիչ պահ էր։ Երբեք չեմ  մոռանա։ Մենք բոլորս տպավորված և զարմացած էինք այդ մարդկանցով, որ պատերազմից հետո, աղքատության մեջ, հազար ու մի հոգսերով, բայց արժանապատիվ կեցվածքով, լեռների պես հպարտ, իրենց տների նման թիկունք թիկունքի տված, ապրում են այս հրաշք բնության մեջ, բնության հետ մերված։ Կարծես թե դարերով, «Նիկոլայեն վխտանց», այս նույն մարդիկ են ապրել այս գյուղում՝ այս երկու կապուտաչյա մանկիկները, և այս ժայռակտոր ձեռքերով մարդը։

«Նիկոլայեն վխտանց» մինչ այսօր՝ «Նիկոլի թիվը», արդեն հարյուր տարի է անցել։

Կանցնի ևս հարյուր տարի, և շիկահեր, կապուտաչյա փոքրիկները աղուհացով կդիմավորեն հերթական ղեկավարին ու այս ժայռակտոր մարդը կսեղմի ղեկավարի ձեռքը և կասի՝  «Պա՜րովըս եկալ,  ընկեր Վարչապետ»։

https://m.facebook.com/story.php?story_fbid=1920171431374429&id=100001447724460»։