Նախօրեին մամուլում և սոցցանցերում տարածված երեք հայ գերիների մասին տեսանյութը հին է, նրանք Հայաստանում են. ՏՍԿ

Հայկական մամուլում և սոցցանցերում երեք հայ գերիների մասին մի տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորները խոշտանգում և ստիպում էին գերեվարված քաղաքացիական անձանց ադրբեջանահաճո տեքստեր ասել։

Տարածվող տեսանյութին կից նշվում էր, թե վերջիններս գերեվարվել են Գորիս-Կապան ճանապարհին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հաջողվեց անձամբ կապ հաստատել գերեվարված քաղաքացիական անձանց՝ Անդրանիկ Սարգսյանի, Խաչիկ Գրիգորյանի և Արման Թովմասյանի հետ (անունները հրապարակվել են տղաների համաձայնությամբ)։ Վերջիններս նշեցին, որ տեսանյութը հին է և, որ իրենք այժմ միասին գտնվում են Հայաստանում։ Քաղաքացիները եղել են դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձված 44 գերիների շարքերում։ Նրանց անունները առկա էին հրապարակված ցուցակներում։