Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում չի հաջողվել կազմակերպել

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն չի ստացվել։

Հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին հայտարարել է Բորելը հինգշաբթի Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուն պես:

«Քանի որ երկու նախարարներն էլ (Հայաստանի և Ադրբեջանի) զրուցում էին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել՝ Եվրամիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա անհնար եղավ, այնպես որ ես երկու նախարարների հետ էլ առանձին կհանդիպեմ», – ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Բորելը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի օգնությամբ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը կանխել է մարդկային հետագա զոհերը, և, որ այն պետք է ամբողջությամբ պահպանվի: «Բայց անցյալ շաբաթ, ցավոք, մենք լսում էինք հրադադարի կարգի խախտման դեպքերի մասին երկու կողմերից էլ: Հրադադարի կարգի լիակատար պահպանումը մնում է հրամայական»,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքերով՝ եթե ԵՄ-ն կարող է իր դերը խաղալ հաշտեցման, վերականգնման և ամրապնդման գործում՝ լրացնելով Մինսկի խմբի ջանքերը, ապա պատրաստ է դա անել։

«Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ցանկացածի հետ, որպեսզի ներդրում ունենա Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։