Մարտակերտում ավարտվել է երկրորդ զինվորական հոսպիտալի տեղակայումը. շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը

Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման հսկողությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ կոնտինգենտի՝ կողմերի հաշտեցման կենտրոնից գնդապետ Դ.Օ.Պերեպելկինը, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Ներկայում մենք գտնվում ենք Ստեփանակերտի ռուսական զինվորական հոսպիտալում, որտեղ որակավորված բժշկական օգնություն է ցուցաբերվում ոչ միայն մեր զինծառայողներին, այլ նաեւ տեղի բնակչությանը: Ներկայում այդ հոսպիտալում ռուս մասնագետներն արդեն օգնություն են ցուցաբերել 29 տեղաբնակի, այդ թվում՝ չորս երեխայի:

Մարտակերտ քաղաքում ավարտվել է երկրորդ զինվորական հոսպիտալի տեղակայումը, որտեղ մեկնարկում է ռուս խաղաղապահների եւ մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչների բժշկական սպասարկումը: Բացի այդ, տեղաբնակներին օգնություն է ցուցաբերվում ռազմական բժիշկների շրջիկ բրիգադների կողմից:

Դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականի անվտանգ տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը: Վերականգնվել է ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար բնակչություն ունեցող 24 բնակավայրում էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը:

Ականազերծման հումանիտար կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից վնասազերծել են 195 հեկտար տարածություն եւ 60 կիլոմետր ճանապարհ: Ստուգվել է 405 շենք չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ինչպես նաեւ անհետ կորածների որոնումը: Այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացել է՝ երեքից հասնելով հինգի:

Ռուս խաղաղապահ կոնտինգենտի շտաբում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքագրելու «թեժ գծին» զանգերի միջոցով գրանցվել է ավելի քան 490 հաղորդագրություն:

Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-լեյտենանտ Մուրադովը դեկտեմբերի 14-ին Բաքվում անցկացրել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի հետ» սկզբունքով:

Տարածաշրջանում ենթակառուցվածքները վերականգնելու եւ խաղաղություն ապահովելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է նախատեսված կարգով»,-հայտնել է գնդապետ Պերեպելկինը: