Ադրբեջանը դեպի Նախիջևան միջանցք ստանալու դեպքում կկրկնապատկի գազի մատակարարումը ԵՄ. կվտանգվեն Իրանի և ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերը. Real Tribune

Al Monitor պարբերականի սյունակագիր Ֆեհիմ Թաշքեթինը թվարկել է այն հիմնական դիրքերը, որոնք Իրանը կկորցնի` Հայաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ուղիղ տրանսպորտային կապի հաստատման դեպքում: Այս մասին տեղեկացնում է realtribune.ru կայքը:

Այսպիսով Թաշքեթինը մասնավորապես նշել է.

1)  Նախատեսված տրանսպորտային միջանցքով խողովակաշարը կարող է նվազեցնել Թուրքիայի էներգետիկ ծախսերը: Անկարան հազար խորանարդ մետր իրանական գազի համար վճարում է 490 դոլար, իսկ Նախիջևանով անցնող խողովակաշարը  կարող է ծախսը իջեցնել մինչև 335 դոլար:

2)  Թուրքմենական գազը նույնպես կարող է հոսել դեպի Թուրքիա:

3) Նախիջևանի միջանցքը կամրապնդի Թուրքիայի դիրքերը, երբ 2026 թվականին վերջինս բանակցելիս կլինի Իրանի հետ իր գազային պայմանագրի երկարաձգման շուրջ:

4) ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Տրանսկասպյան գազատարի նախագիծը կարող է վերածնվել:

5) Անդրանատոլիական գազատարի աշխատանքը, որը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա տեղափոխելու համար, կարող է կրկնապատկվել՝ տարեկան կազմելով 32 միլիարդ խորանարդ մետր

6) Թուրքիայից Նախիջևան 230 կմ երկարությամբ երկաթգիծը կարող է լրացնել Բաքուն, Թբիլիսին և Կարսը կապող երկաթուղին Իրան-Աֆղանստան-Պակիստան երթուղու հետ՝ Թուրքիան դարձնելով հիմնական տարանցիկ հանգույց:

Sabah պարբերականը, որը չի թաքցնում իր համակրանքը Թուրքիայի կառավարության հանդեպ, ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ Նախիջևանի և Ադրբեջանի միջանցքը «բացում է ռազմավարական առևտրային և էներգետիկ ուղի, որը Թուրքիային տանում է դեպի Խաղաղ օվկիանոսի ափեր»:

Սակայն Թուրքիայի երազանքները մտահոգություն են առաջացնում Իրանում: Երկար տարիներ Իրանը ծառայել է որպես Նախիջևանի և Ադրբեջանի միջև այլընտրանքային ցամաքային կապ ՝ շահույթ ստանալով և մեծացնելով իր ազդեցությունը Բաքվում: Իրանը այժմ վախենում է կորցնել այդ ազդեցությունը:

Ըստ իրանական Mashreq առցանց հրատարակության, Իսլամական Հանրապետությունը 15%  է ստանում  Նախիջևան ադրբեջանական գազի մատակարարումից: Այն նաև ծառայում է որպես Միջին Ասիա թուրքական արտահանման ուղի: Միջին հաշվով ամեն ամիս իրանական երթուղուց օգտվում է շուրջ 12 000 թուրքական բեռնատար: Միևնույն ժամանակ, Իրանը դեպի Թուրքմենստանի սահման Թուրքիայի 1800 կիլոմետրանոց  ճանապարհի  համար ուղեվարձ է գանձում մինչև 800 դոլար: Այս եկամուտներն այժմ կարող են նվազել:

Իրանական Javan Daily հրատարակությունը իր հերթին նշում է, որ Թուրքիան, որը հետևում է Վաշինգտոնի ռազմավարությանը, սպառնում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին, ուստի Թեհրանը «չի ընդունի նման միջանցքը»:

Աղբյուրը՝ Թերթ.am