«Կենտրոնը», Հ2-ը հնարավոր է՝ տեղափոխվեն մայրաքաղաքային ծածկույթ, Ա1+-ը, «Նոր Հայաստանը» կարող են զրկվել լիցենզիայից, վտանգավոր գոտում է նաև «Արմնյուզը»

Ինչպես հայտնի է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել Հանրային մուլտիպլեքսի սլոթերի օգտագործման մրցույթին ներկայացված հեռուստատեսությունների հայտերն ու ծրագրերը։ ՀՌՀ-ում հրաժարվում են մեկնաբանել հայտերի ուսումնասիրության ընթացքը, սակայն վստահելի աղբյուրներից LIVEnews.am-ի խմբագրությանը որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, հայտնի դարձան։

Ըստ այդ տեղեկությունների՝ չի բացառվում, որ հանրապետական ծածկույթի սլոթերից զրկվեն «Կենտրոն» և կամ Հ2 հեռուստատեսությունները՝ ներկայացված ծրագրերի թերությունների պատճառաբանությամբ և տեղափոխվեն մայրաքաղաքային ծածկույթ։ Ծրագրերի ուսումնասիրությանը ներգրավված անկախ մեդիամասնագետները ոչ մրցունակ են համարել Ա1+ հեռուստատեսության ծրագիրը, իսկ «Նոր Հայաստան» հեռուստատեսության ծրագրում ոչ հավաստի ֆինանսական փաստաթղթեր են հայտնաբերվել, ինչը ևս կարող է հիմք հանդիսանալ լիցենզիայի մերժման համար։ Վտանգավոր գոտում է գտնվում նաև «Արմնյուզ»-ը։ Մեր վստահելի աղբյուրի հավաստմամբ՝ ՀՌՀ-ում որոշումը պատճառաբանում են ընկերության միակողմանի, ապատեղեկատվություն պարունակող բովանդակությամբ։ Բնականաբար քանի որ այս թեմայով հանձնաժողովից պարզաբանում չեն ներկայացնում՝ մենք չկարողացանք այդ պնդման փաստեր և հիմնավորումներ խնդրել։

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հունվարի երկրորդ կեսին։

Թագուհի Ասլանյան