Արցախցի գործազուրկ անձինք կկարողանան գործատուի մոտ անցնել վճարովի պրակտիկա

Այսօր կառավարության հերթական նիստին հաստատվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

«Խոսքը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր փաստացի բնակվել են այս պահին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ու իրենք ժամանակավորապես բնակվում են Հայաստանում»,- պարզաբանեց նա:

Այսպիսով՝ նախագիծը ենթադրում է ժամանակավոր աջակցություն աշխատանքի բնագավառում, մասնավորապես, միջոցառումը ենթադրում է մինչև երեք ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուի մոտ անցնել որոշակի պրակտիկա, որի դիմաց քաղաքացիները կվարձատրվեն 100 հազար դրամով: Նախարարն ասաց, որ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամ: