ԼՂ-ում ռուս սակրավորները վնասազերծել են 6 հազար պայթունավտանգ առարկաներ

Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները մաքրել են մոտ 200 հա տարածք և վնասազերծել ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկաներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասել է Պերեպելկինը։

Նրա խոսքով՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու համար ստուգվել է նաև 405 շենք։

Պերեպելկինը նաև պատմել է, որ ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 558 տեղացի բնակիչների, այդ թվում՝ 67 երեխաների:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև անհայտ կորածների որոնումը։ Այդ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար որոնողական խմբերի թիվն ավելացել է»,- ընդգծել է նա՝ նշելով, որ անհայտ կորածների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսային դիմում: