Օնիկ Գասպարյանը մեկնում է Արցախ՝ Մուրադովին հանդիպելու. կքննարկվի նաև Շիրակի մարզից գերիների հարցը. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս մեկ անգամ հանդիպել է մարզի գերեվարված զինծառայողների հարազատների հետ, հանդիպման ժամանակ նշել է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մեկնում է Ստեփանակերտ՝ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման:

«Բարձր մակարդակով բանակցություններ են լինելու ու, երբ ունեցանք տեղեկություն ձեր հարազատների մասին, ձեզ կտեղեկացնենք»,- նշել է մարզպետը:

Նշենք, որ այսօր Շիրակի մարզի՝ Արցախում գերեվարված զինվորների ընտանիքների անդամները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը, մարզպետի և Շիրակի ոստիկանապետի հետ բանակցություններից հետո ճանապարհը բացել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շիրակի մարզից 100-150 զինծառայող Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ հայտնվել է շրջափակման մեջ կամ գերեվարվել, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիների հետ: