«Բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ». Լավրով

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք անդրադարձել ենք ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների իրավիճակին: Մեր գնահատականն ակնհայտ է. բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը որպես կառույց պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ հարաբերություններ ունենալ», -ասել է Լավրովը Զագրեբում Խորվաթիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ դա ամենևին չի խանգարում Ռուսաստանին զարգացնել «լավ, արդյունավետ, հավասար հարաբերություններ խորվաթ գործընկերների և բարեկամներ հետ»: