Հին Թաղերում այդ օրը մառախուղ էր, մինչև հիմա զինվորների մասին տեղեկություն չունեմ. ՄՈԲ-ի ջոկի հրամանատար. NEWS.am

Հադրութի շրջանի Հին Թաղերում 120 հոգանոց ՄՈԲ-ը շրջափակված վիճակում կռվում էր 1500 հոգանոց հատուկջոկատայինների դեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ՄՈԲ-ի ջոկի հրամանատար Աշոտ Ավագյանը։

Նա ասաց, որ հակառակորդի կողմից դեկտեմբերի 12-ի հարձակման ժամանակ ուժերն անհավասար են եղել։

«Դեկտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 20։00-ին, հակառակորդը մեծ ուժերով հանկարծակի հարձակվեց մեր հարակից դիրքի ուղղությամբ և  մեծ կորուստներ տվեց։ Ես զանգեցի և  օգնություն խնդրեցի, որ գոնե վիրավորներին դուրս հանեն։ Երբ իրենք ստիպված նահանջեցին դեպի Հին Թաղերի ներքև ի դիրքեր, մենք արդեն պատրաստվել էինք, որ պետք է հարձակումը գա մեզ վրա, կյանքի ու մահվան պայքար տանք, բայց չեկան։ Մութ ու մառախուղ էր։ Հաջորդ օրը առավոտյան կրկին մեծ ուժերով հարձակվեցին»,- պատմեց Ավագյանը։

Նա ասաց, որ վիրավորներ ունեին, բայց հստակ թիվ չկարողացավ նշել. «Իմ ջոկից վիրավոր չկար։ Տեսնելով ուժերի քանակը, մեր ջոկը նահանջեց, որովհետւ անհնար էր մարտի բռնվելն այդ ուժերի դեմ»։

Անդրադառնալով կորած զինծառայողների հարցին՝ Աշոտ Ավագյանը պատմեց. «Այդ դիրքի ուղղությամբ երբ հարձակվել էին, այդ դիրքից դեպի աջ ուրիշ դիրք էլ կար, երբ մառախուղ էր, այդ օրվանից իրենց մասին տեղեկություն չունեմ։ Տասը զինվորի մասին տեղեկություն չունեմ»։

Նա նշեց, որ Հին Թաղեր գյուղում բնակիչներ չեն եղել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և  զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում էին նախաձեռնել  Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և  Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Հին Թաղեր և  Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։