Նիկոլի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, ինչպիսին է ինքն իր «կիրթ» Ալիևի դիմաց

Նկատի ունեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու նրա հանցակիցների պետական դավաճանությունը շարունակական, աստիճանական բնույթ ունի, շարունակվում է, այսինքն` այն, ինչ մենք տեսանք, սկիզբն է, բայց դեռ վերջը չէ…

Ս. թ. դեկտեմբերի 13-ին անհագ թշնամուն են հանձնվել Արցախի հերթական բնակավայրերը` Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, որոնց ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն ու Թուրքիայի հատուկ ջոկատայինները հարձակվել էին դեռ նախօրեից: Նույնիսկ հայերիս համար կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ նշված գյուղերի հանձնումն Ադրբեջանին: Թող որևէ մեկը չհամարձակվի ասել, թե կատարվածի համար չկան պատասխանատուներ, չկան մեղավորներ: Չե՛ն կարող չլինել, կա՛ն:

Քանի որ Նիկոլն առ այս պահը չի հրապարակել հիշյալ գյուղերը թշնամուն հանձնելու համար մեղավորի կամ մեղավորների անունները, այդ կապակցությամբ  չի ներկայացրել համապատասխան փաստեր, կարող ենք համարել, որ այս դեպքում էլ տեղի ունեցածի (պետական դավաճանության) համար պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա է վերցրել: Պարզապես թող նկատի ունենա, որ եթե ինքը պատերազմի արդյունքի, հետևանքների համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին ավելի վաղ, դեկտեմբերի 12-ից առաջ սոսկ բառերով ու դեմագոգիկ կերպով է հայտարարել` իր «սիրելի», «հպարտ ժողովրդին» մոլորեցնելու, խաբելու, նրան հաճոյանալու, զոմբիացնելու նպատակով պոպուլիզմի հերթական սեանսն անցկացնելով, ապա արժանապատիվ հայերը իր պատասխանատվության հարցը կլուծեն առարկայորեն:

Հիմա անդրադառնանք առկա փաստերին: ՀՀ պաշտպանության նախարարությունը ս. թ, դեկտեմբերի 13-ին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին:

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ»:

ՊՆ ամբողջ ղեկավարության մեջ չկա՞ր մեկը, որ մտածեր ու հասկանար, թե ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող այս հայտարարությունից հետո ինչ հարցեր են առաջանալու… Բա որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակումից, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները կոպտորեն խախտելուց առաջ այնտեղ կուտակել են հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, Արցախի պաշտպանության բանակը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ի՞նչ են արել, ինչո՞վ են զբաղված եղել այդ ընթացքում, ինչպես ժողովուրդն է ասում նման դեպքերում, էշի ականջում քնա՞ծ են եղել… Չէ՞ որ հիշյալ գյուղերի մոտ կամ նրանց ուղղությամբ հավելյալ անձնակազմի և զինտեխնիկայի, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցների կուտակումը չէր կարող միանգամից կամ աննկատ լինել, թշնամին հո երկնքից կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, գետնի տակից չհայտնվե՞ց մի քանի րոպեում…

Հետևաբար հայկական բնակավայրերի ուղղությամբ թշնամու զորքի և զինտեխնիկայի շարժի մասին մեր հետախուզության նախապես հայտնած տեղեկություններն ինչո՞ւ են անտեսվել… Եթե թշնամին այնտեղ կուտակում էր հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, ինչո՞ւ գոնե սիմետրիկ, համաչափ պատասխան տալու համար նույն կերպ հայկական կողմը չի վարվել… Էլ չեմ խոսում այն մասին, որ նման դեպքերում պետք է պատրաստ լիներ ավելի խիստ պատասխան տալու և պե՛տք է տար այդ պատասխանը: Ինչո՞ւ են այնտեղ մեր զինվորներին ու սպաներին թողել թշնամու գերակշիռ ուժերի դեմ մեն միայնակ: Դե պատասխանե՛ք:

Եթե նույնիսկ տարօրինակ չհամարենք, որ Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ապա անհասկանալի է, թե, ըստ ՊՆ հայտարարության, «Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում» հակառակորդին ինչպե՞ս է հաջողվել «մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին», երբ հայկական կողմն ընդամենը վեց վիրավոր է ունեցել, իսկ թշնամին վիրավորներից բացի, նաև զոհեր:

Ո՞վ կամ ովքե՞ր են դեռ դեկտեմբերի 12-ին մերոնց արգելել մարտի մեջ մտնել ու թույլ չտալ թշնամու կողմից նշված գյուղերի գրավումը: Հը՞, Նիկոլ, կարո՞ղ ես պատասխանել այս հարցին… Հատուկ մեջբերում եմ «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի դեկտեմբերի 12-ի ֆեյսբուքյան գրառումը .

«Նիկիոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը» (ընդգծումը` հոդվածագրինը):

Փաստորեն Հին Թաղեր, հաջորդ օրը նաև Խծաբերդ գյուղերը թշնամուն հանձնելուց բացի, հանձնվել է նաև Հադրութի շրջանում, ծովի մակերևույթից 2478 մետր բարձրության վրա գտնվող Դիզափայտ (Զիարաթ) լեռը, որը ռազմավարական նշանակության բարձունք է, միաժամանակ իր կատարին ունի Արցախի սրբավայրերից մեկը` 4-րդ դարում հիմնված Կատարո վանքը (Կատարավանք, ներկայիս շինության կառուցումն ավարտվել է 17-րդ դարում):

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը,- նշված է ՀՀ ՊՆ հիշյալ հայտարարության հետագա շարադրանքում:- Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում»։

Հետո ի՞նչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը, քանի՞ լումայի արժեք ունի այն… Պատերազմի ընթացքում Հայաստանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն բազմիցս դատապարտեցին Ադրբեջանի ԶՈւ սադրանքները, գործողությունները, սակայն դրանց արդյունքը եղավ զրոյական: Դատապարտեք, բայց զուգահեռ նաև գործ արեք: Պետական դավաճանները հայոց հաղթանակած բանակը պարտված բանակի վերածեցին ու դեռ շարունակում են նույն գործելաոճը:

Հարցեր է առաջացնում նաև ՊՆ հայտարարության վերջին մասը.

«Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ: Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»։

Բա այդ դեպքում ինչո՞ւ է լռում ՊՆ-ն, ինչո՞ւ չի հայտնում, թե ինչով ավարտվեցին այդ բանակցությունները, ստեղծված իրավիճակը հանգուցալուծվե՞ց, կողմերը նախկին բնագծեր վերադարձվեցի՞ն… Դե՞ ինչ հայտնի… Բոլորս էլ գիտենք, որ բանակցություններն այդ առումով որևէ արդյունք չեն տվել, Ալիևն իր երկրի պետական դավաճանը չէ, նա իր զինվորների գրաված հողը հետ չի տալիս, իսկ հայկական կողմի պետական դավաճանները տալիս են, ընդ որում, ոչ թե ուրիշից գրավված, զավթված հողերը, բարձունքները, բնակավայրերը, այլ մերը, մեր հայրենիքը, նրա բնակավայրերն  ու սրբավայրերը:

Ավելին. NEWS.am -ին Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանի պատմածից պարզ է դառնում, որ հենց այնպես չեն տվել, Հին Թաղերը ծախվել է:

«Ռուս խաղաղապահներն են գյուղում եղել, իրենց մոտեցել են ադրբեջանցիներն ու ասել, որ այս գյուղն էլ է ծախած,- NEWS.am-ին պատմել է Այվազյանը։- Խաղաղապահներն էլ դուրս են եկել։ Հակառակորդը խաղաղապահների հետ փաստաթղթերով է խոսել։ Հադրութի տարածքի մեջ է մտնում, դա էլ է ծախված։ Հիմա ռուս խաղաղապահները գալիս են Ստեփանակերտ»:

Հին Թաղեր համայնքի ղեկավարն ասել է նաև, որ Հին Թաղերի և Խծաբերդի բնակչությունը տարհանված է։

«Եթե ծախել էին, ասեին, մենք այսքան ժամանակ պահեցինք էդ գյուղերը,- NEWS.am- ինասել է Այվազյանը։- 37 օր գյուղացիները, կամավորականները, զինվորականները դիրք էին պահում։ Գոնե ասեք, որ մարդիկ իրենց ունեցվածքը հանեին, չգային բոմժի նման մտնեին Հայաստանի տարածք։ Էս Կառավարությանը պետք է անվստահություն հայտնել»:

Հավելեմ, որ թշնամին ոչ միայն գրավել է Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն ու դրանք  վերցրել իր վերահսկողության ներքո, այլև հայկական կողմից 10 հոգու ձերբակալել է, գերի վերցրել:

Հաջորդը. ՊՆ դեկտեմբերի 13-ի հայտարարության մեջ ինչո՞ւ չի նշված այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի գրաված Խծաբերդ գյուղի մասին, 12-ին գրաված Դիզափայտի մասին…

«Արցախի նախագահն ինչու է մնացել էդ պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի արդեն,- նախորդ գրառումից մեկ օր հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Hetq.am լրատվականի գլխավոր խմբագիրը:- Նա որևէ բանից արդեն տեղյակ չի, որևէ լծակ չունի: Շուշիի շրջանի Մեծ շեն և Հին շեն գյուղերում էս պահին ինչ է կատարվում: Ինձ զանգում են, հարցնում են՝ ինչ անենք: Որևէ մեկը կարող է պատասխանի, ինչ անեն տղերքը, մի ծպտուն հանեք: Լավ, ասում եք մի գրեք, լարվածություն է առաջանում, բայց եթե նրանց հետ մի բան պատահի, ես ինչ եմ անելու: Ստորագրված փաստաթղթով դրանք մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում: Հրապարակված քարտեզները աչքս չկոխեք, ես դրանց բացարձակ չեմ հավատում»:

Ինչպես NEWS.am -ին տեղեկացրել է Նոր Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը, Շուշիի շրջանի Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, «Ուղղակի հոգեբանորեն ճնշում է կատարվում։ Ժողովուրդը խուճապի մեջ է»:

NEWS.amը նշել է նաև, որ «ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել նաեւ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը, բնակիչներն էլ այս պահին գյուղում են»։

Թե ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Հին Շեն և Նոր Շեն գյուղերի առնչությամբ ինչ բարձիթողի, խայտառակ ու վտանգավոր իրավիճակ է, պարզ է դառնում դարձյալ NEWS.am -ին Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանի և Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանի պատմածներից:

NEWS.am-ի հետ զրույցում Մեծ Շենի համայնքապետը նշել է, որ իրենց մոտ դեռ ռուս խաղաղապահներ չեն եկել. գյուղը 3 օր է, շրջափակման մեջ է։

«Ես գյուղում եմ, սպասում եմ, որ իշխանության ինչ-որ ներկայացուցիչ գա, ասի՝ ինչ անենք։ 3 օր է՝ շրջափակման մենք ենք, բայց ոչ մեկ չի ուզում ներկայանա, ասի՝ ինչ անենք։ Ժողովրդին այսպես խաբում են, մինչեւ վերջ պահում են, որպեսզի առանց ապրուստի դուրս գան։ Եթե սրանք հայկական հողեր են, թող հանեն իրենց, եթե չեն հանում, ուրեմն մերը չի»,- նշել է Դավիթ Դավթյանը։

«Դավիթ Դավթյանի խոսքով՝ եթե այս գյուղերն էլ հանձնեն, ապա Արցախն այլեւս գոյություն չի ունենա. «Ստեփանակերտը Հայաստանից 50 կիլոմետրով կտրվելու է։ Եթե կա պայմանավորվածություն, գծված քարտեզ, ապա պետք է հանեն։ Սա հայկական հող է, թուրքը երբեք այստեղ չի մտել, պարզվում է՝ տված է։ Ժողովրդի աչքերն էլ փակած են պահում։ Գոնե ժողովրդին հանեն, ասեն՝ տված է, գնացեք։ Ուզում են Խծաբերդի նման անեն, ժողովրդին գերեվարեն»։

Համայնքապետը նշել է նաև որ «բնակչության շրջանում այս պահին խուճապ կա, անելանելի դրության մեջ են»։

Թշնամին եռակողմ հայտարարությունից հետո փաստորեն 1-2 օրում գրավել է Հադրութի շրջանի երկու գյուղ` Հին Թաղերն ու Խծաբերդը, ռազմավարական մեկ բարձունք, 10 հոգու ձերբակալել է, շրջափակման մեջ առել Շուշիի շրջանի Հին Շեն ու Նոր Շեն գյուղերը, և հոգեբանորեն ճնշում է գործադրում, որ այդ գյուղերը նույնպես հայաթափվեն: Հայկական կողմի պետական դավաճանները նրան տվել են այդ հնարավորությունը:

Նիկոլի հրաժարականի պահանջով այսօր դարձյալ արժանապատվության երթից եմ վերադարձել, դեռ ականջներիս մեջ են հնչած վանկարկումները, կարգախոսները` «Նի-կոլ, հեռա-ցի՛ր», «Նի-կոլ, դավա-ճա՛ն», «Նի-կոլ, թո՛ւրք», «Առանց Նիկոլ Հա-յաս-տան»…

 

Արթուր Հովհաննիսյան