Արվեստի գործիչներն ու մշակույթի նախարարության նախկին աշխատակիցները մտահոգ են. ԿԳՄՍՆ նախկին կայքէջն անհետացել է. 24news.am

Արվեստի գործիչներն ու մշակույթի նախարարության նախկին աշխատակիցներն 24news.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել նախարարության պաշտոնական նախկին կայքէջի անհետանալու համար։ Վերջինս կցված էր նախարարության նորաստեղծ ինտերնետային էջին և հիմա արդեն տևական ժամանակ է՝ չկա։

«Խոսքը դեռևս ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարման շրջանի մասին է, ում օրոք մշակույթի նկատմամբ կար խորը անընկալողականություն, կադրային, մեղմ ասած, սխալ մոտեցում և անհատների ու խմբերի նկատմամբ մեծամիտ անտարբերություն։ Նրա պաշտոնավարումը լուրջ հարված հասցրեց մշակույթի դաշտին։

Սրանով, այս պահին, գործնականում ծածկվել է նախկին նախարարների օրոք կատարված աշխատանքը, արվեստի հայտնի գործիչների կողմից արված ստեղծագործական աշխատանքները, կյանքի կոչված ներպետական ու արտասահմանյան ծրագրերը, հստակ երևում է հաշվետվությունների տարբերությունն ու արված գործի զրոյացումը։

Ըստ ոլորտի պրոֆեսիոնալների՝ կա անհանգստություն, որ տեղի ունեցածը արվել է միտումնավոր.  նախկին ժամանակներում կատարված աշխատանքը չեզոքացնելու համար` սրա հետ կապված կասկածները ավելի են խորանում, քանի որ ի պատասխան այս հարցերին նախարարությունից հայտնում են, որ հին կայքեջը արխիվացվել է ու թարմացվում է, բայց այդպես էլ տևական ժամանակ է լույս չի տեսնում։

Խնդրով հետաքրքրված մարդիկ խոսում են նրա մասին, որ եղածը կարող է լինել ոչ արհեստավարժ աշխատանքի արդյունք կամ հատուկ արված քայլի հետևանք, քանի որ այսօրվա վարչակազմը` բոլոր ոլորտների հետ կապված, վարում է մի քաղաքականություն, ինչը հակված է անտարբերության մատնելու ու վարկաբեկելու և ջնջելու մինչև իրենց իշխանության գալը արված ամեն ինչը, միայն իր իսկ գործունեությունը լույսի տակ թողնելու համար, որն իրենից, կարելի է ասել, արժեք չի ներկայացնում։ Հարցը այս պահին էլ է բաց մնում և ունենալով դետալային նշանակություն՝ խոսում է մի երկար ժամանակի գործունեության պատմության լիկվիդացման փորձի մասին»,- գրել է 24news.am-ը։