ՔԿ ծառայողները քննչական և դատավարական գործողություններ են կատարել գերությունից վերադարձած անձանց մասնակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել 14.12.2020թ. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայանում, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրության մեջ: