«Ցավը դաջված է նրանց դեմքերին». Le Figaro-ի հոդվածը՝ հետպատերազմյան Արցախից և Հայաստանից

Ֆրանսիական Le Figaro պարբերականը ներկայացրել է Օլիվյե Ֆորի հեղինակային հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում Արցախյան վերջին պատերազմին ու հարակից թեմաներին:

Ստորև հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք այն.

«Դժվար է ասել, թե որն է ավելի ուժեղ՝ զայրո՞ւյթը, թե տխրությունը: Արցախի յուրաքանչյուր գյուղում աչքիդ են ընկնում անորոշ տարիքի տղամարդիկ և կանայք: Ցավը «դաջված է» նրանց դեմքերին ճիշտ՝ ինչպես Հայաստանի քարքարոտ լեռներն են:

Ձյունածածկ ճանապարհներին մեքենաների շարքեր են, որոնցում դեռ պատանի հայ զինվորներ են: Նրանց մեջքը ճկվում է պարտության ծանրության տակ, և կասկածի մշուշը խամրեցնում է նրանց աչքերի փայլը: Նրանք տուն են մեկնում Լեռնային Ղարաբաղից: Պատերազմն ավարտվել է. Արցախի Հանրապետությունը կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքի երեք քառորդը, որն իրենն էր 30 տարի շարունակ:

Նրանց ուղղությամբ են շարժվում ռուսական բանակի զրահամեքենաները, որոնք ծառայում են որպես հայերի ու ադրբեջանցիների միջև նոյեմբերի 10-ին կնքված զինադադարի պահպանման երաշխավոր:

Երևանի պանթեոնում թարմ գերեզմանները ձգվում են այնքան, որքան աչքդ կկտրի: Գալիս է գիշերը: Խունկի հոտը ծանր է օդում: Գերեզմանները պատմում են այն մարտիկների անցած կյանքի մասին, որոնք շտապ հավաքագրվել էին և հանդիպել իրենց մահվանը: Տասնյակ փոքր խմբեր մեծ ամբոխ են կազմում, որոնք տաքանում են ինքնաշեն լապտերներից: 44-օրյա մարտեր… մի ամբողջ սերունդ, որն իր վրա է կրում  կամիկաձե անօդաչու սարքերի, կլաստերային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի արյունոտ հետքերը: Ողջ մնացածները խոսում են անօդաչու սարքերի իրական անձրևի, բեռնատարների գնդակոծման ու ժամկետային զինծառայողների մասին, որոնք զոհվել են դեռ նույնիսկ չհասցնելով կռվել: Նրանք վերապրում են խրամատներում գլխատված ու խեղված մարմինների մղձավանջային հիշողությունները: Դիակները մի քանի շաբաթ լքված էին, և այժմ մահացածների ինքնությունը կարելի է պարզել միայն ԴՆԹ հետազոտության միջոցով:

Նրանք խոսում են ասիմետրիկ պատերազմի մասին, որի ժամանակ Արցախի Հանրապետության 150 000 բնակիչներ և հայկական բանակը դիմակայել են Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերին, Սիրիայից ջիհադիստ վարձկաններին, ինչպես նաև թուրքական ու իսրայելական տեխնոլոգիաներին:

Բոլոր նոր հանդիպումներն անցկացվում են Արցախի նախագահի հետ: Աշխատանքը չի կարող կանգ առնել: Մեր ընթրիքի ժամանակ նա միայն մեկ անգամ է իրեն «թույլ տալիս թուլանալ», երբ հարցնում ենք, թե ինչպես է հաջողվում շարունակել հավատալ ապագային: Նախագահը զինվորական համազգեստով ձեռքերով ծածկում է դեմքը, ապա դանդաղ բարձրացնում աչքերը. «Պետք է համակերպվել եղածի հետ»:

Կարծես թե հայ ժողովուրդը սովոր է ողբերգության: 19-րդ դարի վերջին «կարմիր սուլթանի» կոտորածները, 20-րդ դարի սկզբին երիտթուրքերի կողմից իրականացված Ցեղասպանությունը, խորհրդային շրջանում Ստալինի կողմից իրենց հողերի մի մասը ադրբեջանցիներին փոխանցելը, բնական աղետներն ու պատերազմները… ոչինչ չխնայեց հայ ժողովրդին: Ինչպե՞ս նա դեռ չի սպառել իր բոլոր արցունքները:

Մայրաքաղաք Ստեփանակերտում և հարակից գյուղերում տիրում է ցավոտ մթնոլորտ, բայց կյանքը հետզհետե կարգավորվում է: Փախստականները դանդաղ վերադառնում են: Աղյուսագործներն ու քարտաշները քրտնաջան աշխատում են պատերազմի սպիերը բուժելու համար: Ծնողները սպասում են այն երեխաներին, որոնք մեկնել են ռազմաճակատ՝ երբեմն նույնիսկ լիակատար անհայտնության մեջ: Շատերը կորած են: Անհայտ ինքնությամբ մահացածների չափազանց շատ մարմիններ կան:

Կարմիր շուկա անունով գյուղում ինչ-որ մեկի հայրը դիմում է մեզ: Նա  հեռախոսով ցույց է տալիս իր որդու լուսանկարը, որի կողքին են կանգնած կինն ու երկու դուստրերը: Ոչ ոք չի կարող նրան պատասխանել: Հույսի կրակը վառ պահելու համար սպան ասում է նրան, որ իր որդին կարող էր փախչել առաջնագծից: Անհանգստությունը միախառնվում է նվաստացման հետ: Հայրը կոտրվում է: Նրա որդին երբեք չէր փախչի: Վիշտ ու զայրույթ: Նրանք դեռ կարո՞ղ են ինչ-որ բանի հույս ունենալ: Այս պատերազմում նրանք դարձել են անտարբերության և ցինիզմի զոհ: ԱՄՆ նախագահական ընտրություններով տարված ամերիկացիներ, ինչպես նաև եվրոպացիներ, որոնք խրվել էին հայերին չսատարելու և Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մեջ… այս կերպ նրանք փաստացի թույլտվություն տվեցին Ալիևին շարունակել ադրբեջանական նվաճումները:

Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին, ցույց տվեց, որ ձգտում է առաջին հերթին պահպանել իր միջնորդի կարգավիճակը: Էմանուել Մակրոնը տուրք չտվեց հայ ժողովրդի հետ ֆրանսիացիների դարավոր կապերին և սեփական չեզոքության պատճառով նույնիսկ հրադադարի ժամանակ չհրավիրվեց բանակցությունների սեղանի շուրջ…

Մերձավոր Արևելքի այս նոր դրվագը ամրապնդեց Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը: Միջամտությունից առաջ Ռուսաստանի նախագահը թույլ տվեց Էրդողանին առաջ շարժվել իր պանթյուրքիզմի ծրագրի իրագործման մեջ, որը երազում է նոր սուլթանության մասին: Պուտինը հույս ունի, որ ՆԱՏՕ-ի ներսում վեճերից գոյացած թույնը կվերջացնի այդ  կազմակերպությունը, որը, Մակրոնի բնորոշմամբ, «ուղեղի մահ» է արձանագրել: Ի վերջո հաստատելով իր սեփական խաղաղությունը՝ Պուտինը ապահովեց ռուսական բանակի ներկայությունը մինչև Ադրբեջանի սահմանները գտնվող տարածքում: Առանց մեկ կրակոց իսկ արձակելու՝ նա ուժեղացրեց իր ներկայությունը Կովկասում և թուլացրեց ՆԱՏՕ-ն: Վարպետ քայլ:

Բայց մինչև ե՞րբ… դեկտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ժամանակ Էրդողանը պարզաբանեց իր ծրագրերը: Նա բարձր գնահատեց Էնվեր փաշայի «սուրբ բանակը» (Եռապետության անդամ, որը պատասխանատու էր 1915-ի ցեղասպանության համար) և հայտարարեց, որ իր դաշնակցի պայքարը չպետք է սահմանափակվի միայն Լեռնային Ղարաբաղով, այլ պետք է շարունակվի ընդդեմ Հայաստանի: Իր հերթին, Իլհամ Ալիևը բարձրաձայնել է իր պահանջները Սյունիքի (Հայաստանի հարավում գտնվող շրջան), Սևանա լճի և Երևանի նկատմամբ:

Ժամանակն է, որ եվրոպացիները վերջ տան փոքրոգի լռությանը: Ազգային ժողովը և Սենատը որոշումներ ընդունեցին, որով կառավարությունից  պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը: Ֆրանսիան պետք է բարձրաձայնի: Բազմակողմ համակարգի թուլացումը, ԱՄՆ ռազմական ներկայության նվազումը և արձագանքի բացակայությունը, պայմաններ են ստեղծել հակամարտությունների կարգավորման նոր եղանակների համար: Նոր կայսրություններն իրենց կարգն են թելադրում շուրջբոլորը և ծաղրում հին ազգերին: Ազդեցության քարտերը կրկին բաժանվում են: Մեր աչքի առաջ գրվում է նոր միջազգային իրավագիտություն՝ մինչ եվրոպացիներն իրենց «հայացքն են փախցնում»: Երեկ դա քրդերի հետ էր, այսօր՝ հայերի: Քանի՞ ազգ ստիպված կլինի վաղը կիսել նույն վիշտը և զայրույթը»: