Հանդիպեցինք գեներալ-լեյտենանտ Մակարյանի հետ. ինքը հեքիաթ պատմեց, որին մենք չհավատացինք. 168.am (տեսանյութ)

«Մեզ հիմա պետք է, որ ասեն՝ ուր են մեր զինվորները, ուր են մեր անհետ կորածները»,- 168.am-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Դավիթ Ադոյանի հայրը՝ Տիգրան Ադոյանը:

Հիշեցնենք՝ Էջմիածնի N զորամասի անհետ կորած 34 զինծառայողների հարազատներն այսօր նորից Պաշտպանության նախարարության առջև են՝ պատասխանատուների հետ հանդիպման պահանջով:

Տիգրան Ադոյանը ՊՆ-ում նախորդ հանդիպման մանրամասներին անդրադառնալիս նշեց. «Այն ժամանակ մենք հանդիպեցինք գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հետ, ով այդ տարածք ուղարկելու հրամանն էր տվել: Հանդիպեցինք իր հետ, ինքը հեքիաթ պատմեց, որին որ մենք բոլորս էլ չհավատացինք:

Այդ ժամանակ ինքն ասեց՝ ես գնայի-օգնեի, ես էլ կզոհվեի, բա ո՞վ պետք է  պատասխան տար ձեզ հիմա, իսկ այդտեղ ուղարկելն էլ վրիպակ է եղել:  Չենք հասկանում՝ գեներալ մարդը վրիպակ կարո՞ղ է թույլ տալ: Ես ու դու կարող ենք վրիպակ թույլ տալ, բայց շտաբի պետի տեղակալը չի կարող վրիպակ թույլ տալ»:

Նա հավելեց, որ դիմել են նախարարություն, սակայն այս պահին դեռ արձագանք չկա. «Ուղղակի մենք հույս էլ չունենք, որ իրենք ինչ-որ բան պետք է պատասխան տան մեզ, բայց մենք ծնող ենք, նստենք տանը, հույսներս կորցնելով, բան դուրս չի գա»:

Մանրամասները՝ տեսանյութում