Հակոբ Արշակյանը ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության,  ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Այցի ընթացքում նախարարը հանդիպել է ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել «Skolkovo» բիզնես դպրոց և «Skolkovo» ինովացիանների զարգացման կենտրոն:

«Skolkovo» ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին:

«Skolkovo» բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը:

Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը: