Արցախի ՄԻՊ-ն այցելել է Մեծ շեն ու Հին շեն՝ տեղում ծանոթանալու քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղեր՝ տեղում հասկանալու համար իրավիճակն ու  քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:  Արտակ Բեգլարյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում:

«Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ  տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:  Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:  Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,-գրել է նա: