Նախնական հաշվարկով՝ Սյունիքի մոտ 30 համայնք դառնում է սահմանամերձ. Սյունիքի մարզպետարան

Նախնական հաշվարկով Սյունիքի մարզի մոտ 30 համայնք դառնում է սահմանամերձ: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի լրատվության պատասխանատու Արմինե Ավագյանից:

Արմինե Ավագյանի փոխանցմամբ՝ սահմանազատումների մասով դեռ հստակ տեղեկություն չկա: Այս պահի դրությամբ, ըստ Ավագյանի, մարզում լարվածություն չկա, սահմաններում իրավիճակը վերահսկվում է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: