Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին

Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան առջև։

Զինծառայողների հարազատները նախապես հաղորդագրություն էին տարածել.

«Առավոտյան 10։00-ից լինելու ենք ՌԴ դեսպանատան մոտ` խնդրանքով դիմելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնելու գտնել մեր զինվորներին։ Խնդրում ենք նաև բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մեր երեխաների ապագայով, մասնակցեն այս գործընթացին», –նշվում էր հաղորդագրության մեջ։

Նրանց հաջողվեց հանդիպել ՌԴ դեսպանի օգնականի հետ, որին փոխանցեցին նամակ` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շրջաններում զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհայտ կորած զինծառայողների հարազատներին: