Նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք, մինչդեռ ՀՀ կառավարությունը մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չի ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։
«Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։
Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները»,-նշված է հայտարարությունում: