Բաքուն հետախուզական պատերազմը հաղթում է Իսրայելի հետ գործարքների շնորհիվ. Intelligence online-ի անդրադարձը ԼՂ պատերազմին

Intelligence online հարթակը ծավալուն հոդված է հրապարակել արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ նշելով, որ Ադրբեջանը հետախուզական պատերազմում հաղթել է իսրայելական գործարքների շնորհիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հարթակն Ադրբեջանի հաղթանակի կարևոր մաս է համարել Իսրայելի կողմից Բաքվին տրամադրված հետախուզական տվյալները:

Հոդվածում նշվում է, որ մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացված էր Ադրբեջանին Թուրքիայի և Մերձավոր Արևելքից սիրիացի վարձկանների օգնության, ինչպես նաև իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի վրա, Իսրայելը Բաքվին նաև հետախուզական տվյալներ էր տրամադրում:

Իսրայելական ընկերությունները Ադրբեջանին տրամադրել են Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական ռելիեֆի մասին հստակ տվյալներ, ինչն ապահովել է Ադրբեջանի բանակի ԱԹՍ-ների առավել դյուրին տեղաշարժը նշված տարածքներով: Intelligence online-ը նշում է, որ հենց այդ տվյալների շնորհիվ են անօդաչու թռչող սարքերը կարողացել ճշգրիտ խոցել թիրախները և զգալի կորուստներ պատճառել հայկական կողմին:

Հոդվածագիրը նշում է, որ Իսրայելը կարողացել է իր տեխնիկան փորձել Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներում, ինչը նրա համար մեծ կարևորություն ունի: