ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանում են. նրանք հանդիպել են Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Բաքու, հայտնում է rossiaprimavera.ru կայքը:

Հայտնի է, որ դիվանագետներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությանը մաս չեն կազմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Այս համաձայնությամբ նախատեսվում էր դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի զգալի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ մնացած հատվածներում տեղակայել ռուսական խաղաղապահ առաքելության ուժեր:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արդեն խնդրել են ռուսական կողմին նկարագրել ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման վայրը տարածաշրջանում և այն դերը, որը Թուրքիայի կունենա այստեղ: