Երիտասարդ գիտնականները ներկայացրին վերջին շրջանում իրենց գրանցած ձեռքբերումները

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների եռօրյա գիտաժողով-դպրոցի պաշտոնական բացումը: ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը կարևորելով գիտության կարևորությունը մեր երկիրի զարգացման գործում, նշեց. «Ունենալով սահմանափակ բնական ռեսուրսներ՝ մեր երկրի զարգացման գործում անկյունաքարային և որոշիչ նշանակություն ունի գիտության զարգացումը, և հուսով ենք, որ գիտության ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող երիտասարդ հետազոտողներն իրենց մտքերով, գաղափարներով, առաջարկներով կնպաստեն այս գիտաժողով-դպրոցի կայացմանը։ Այս համատեքստում շատ կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս համախմբել գիտությամբ հետաքրքրված երիտասարդ հետազոտողներին, ստեղծել միջավայր նրանց երկխոսության և նոր գաղափարների ստեղծման համար»։ Տնօրենի հավաստմամբ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն խթանել գիտության հանդեպ հետաքրքրությունը, արժևորել երիտասարդ գիտնականի, հետազոտողի աշխատանքն ու հեղինակությունը։ Ելույթներով հանդես եկան նաև ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը, գիտահետազոտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ն. Հակոբյանը, գիտական քարտուղար Մ. Սարգսյանը, հանրային կապերի բաժնի պետ Ա. Շահազիզյանը, որակի ապահովման բաժնի պետ Ն. Վարդանյանը: Այնուհետև ՀՀ բուհերի ուսանողները, ԳԱԱ համակարգի երիտասարդ գիտնականները, ասպիրանտները ներկայացրին վերջին շրջանում գիտության տարբեր ոլորտներում իրենց գրանցած ձեռքբերումները: Գիտաժողովը կազմակերպված է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ. զեկուցումների հիմնական մասը մասնակիցները ներկայացրել են առցանց: Այն լրացուցիչ հնարավորություն է բազմաթիվ ուսանողների, արտասահմանում գտնվող երիտասարդ գիտնականների համար՝ առցանց մասնակցելու գիտաժողով-դպրոցի աշխատանքներին, զեկուցողներին ուղղելու հարցեր, ներկայացնելու տեսակետներ։ Առաջիկա երկու օրերի ընթացքում գիտաժողով-դպրոցն իր աշխատանքները կշարունակի մասնագիտական փոքր խմբերով, որտեղ հայտնի գիտնականները իրենց փորձը կփոխանցեն երիտասարդ սերնդին՝ հանդես գալով ոլորտային դասախոսություններով։ Կկազմակերպվի նաև կլոր-սեղան՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գիտության ու գիտնականների դերը, առաջիկա անելիքները։